Հարց 1 Որո՞նք են համարվում աշխատանքային կենսաթոշակի տեսակներ:

  1. տարիքային
  2. արտոնյալ պայմաններով
  3. երկարամյա ծառայության
  4. հաշմանդամության
  5. կերակրողին կորցնելու դեպքում
  6. մասնակի

Հարց 2. Որո՞նք են համարվում զինվորական կենսաթոշակի տեսակներ:

 1. երկարամյա ծառայության 
 2. հաշմանդամության 
 3. կերակրողին կորցնելու դեպքում

Հարց 3. Որո՞նք են համարվում սոցիալական կենսաթոշակի տեսակներ:

 1. ծերության 
 2. հաշմանդամության 
 3. կերակրողին կորցնելու դեպքում

Հարց 4. Ո՞վ ունի ծերության սոցիալական կենսաթոշակի իրավունք:

Ծերության սոցիալական կենսաթոշակ նշանակվում է 65 տարին լրացած և աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին:

Հարց 5. Ո՞րն է աշխատանքային կենսաթոշակի չափը:

Աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է:

Հարց 6. Ի՞նչ կարգով է վճարվում չվճարված կենսաթոշակի գումարը:

Չվճարված կենսաթոշակի գումարը նշանակվում է կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Հարց 7. Ո՞րքան ժամանակահատվածը մեկ է անհրաժեշտ, որպեսզի կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն ներկայանա բանկ և հայտարարություն տա իր ողջ լինելու մասին:

Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով բանկին ներկայացնել իր ողջ լինելու մասին Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի հաստատած փաստաթուղթը կամ ներկայանալ բանկ և հայտարարություն տալ իր ողջ լինելու մասին: 

Հարց 8. Ե՞րբ է կրթության կատեգորիաների աշխատողներին նշանակվում կենսաթոշակ:

Կրթության աշխատողներին կենսաթոշակ է նշանակվում, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: 

Հարց 9. Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում, մինչև ե՞րբ աշխատած ժամանակահատվածներն են հաշվառվում:

Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են մինչև 2003թ. օգոստոսի 1-ը աշխատած ժամանակահատվածները:

Հարց 10. Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվու՞մ է, թե ոչ:

Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում: 

Հարց 11. Ե՞րբ է վերահաշվարկվում մասնակի կենսաթոշակը:

Մասնակի կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե փոխվել են հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, ներկայացվել է մինչև կենսաթոշակ նշանակելը ընկած ժամանակահատվածի վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր կամ լրացել է տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:

Հարց 12. Արտոնյալ պայմաններով, թիվ 1 ցուցակով, քանի՞ տարվա աշխատանքային ստաժով և որ տարիքից է նշանակվում աշխատանքային կենսաթոշակ:

Արտոնյալ պայմաններով, թիվ 1 ցուցակով, կենսաթոշակ է նշանակվում 55 տարին լրացած անձին, եթե նա ունի 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք: Կանանց կենսաթոշակ է նշանակվում ըստ սանդղակի: 

Հարց 13. Արտոնյալ պայմաններով, թիվ 2 ցուցակով, քանի՞ տարվա աշխատանքային ստաժով և որ տարիքից է նշանակվում աշխատանքային կենսաթոշակ:

Արտոնյալ պայմաններով, թիվ 2 ցուցակով, կենսաթոշակ է նշանակվում 59 տարին լրացած անձին, եթե նա ունի 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք: Կանանց կենսաթոշակ է նշանակվում ըստ սանդղակի: 

Հարց 14. Ե՞րբ է վերահաշվարկվում արտոնյալ պայմաններով նշանակված կենսաթոշակը:

Արտոնյալ պայմաններով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե փոխվել են հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, ներկայացվել է մինչև կենսաթոշակ նշանակելը ընկած ժամանակահատվածի վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր կամ լրացել է տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը:

Հարց 15. Ի՞նչ չափով են կատարվում կենսաթոշակից պահումները:

Կենսաթոշակից կատարվող պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 30 տոկոսը:
1 2 3 4 >