ՈՐՈՇՈՒՄ N 324-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27դեկտեմբերի 2013 թ.                 
թիվ 324-Ն                                                                    Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/06-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հաշվի առնելով ներդրումային ֆոնդերի դերը ֆինանսական շուկայում և դրանց կարևորությունը ֆոնդերում ներդրողների եկամուտների ապահովման հարցում, 
Հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է. 
(նախաբանը փոփ. 15.07.14 թիվ 184-Ն) 
1. Հաստատել «Ներդրումային ֆոնդի կառավարչի ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգի նկատմամբ նվազագույն պահանջները» կանոնակարգ 10/06-ը` համաձայն Հավելվածի (կցվում է): 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Ա. Ջավադյան


2013 թ. դեկտեմբերի 27
Երևան


Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2013 թվականի դեկտեմբերի 27-ի
թիվ 324-Ն որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ 1 0 / 0 6

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

1. Սույն կանոնակարգը տարածվում է այն ներդրումային ֆոնդի կառավարիչների վրա, որոնք իրականացնում են հրապարակային ֆոնդերի կառավարում: 
(1-ին կետը փոփ. 15.07.14 թիվ 184-Ն) 
2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող իմաստը: 
(2-րդ կետը փոփ. 15.07.14 թիվ 184-Ն) 


ԳԼՈՒԽ 2. ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ 

3. Կառավարիչը պարտավոր է ունենալ արդյունավետ ռիսկերի կառավարման համակարգ: Արդյունավետ ռիսկերի կառավարման համակարգը ներառում է ռազմավարություն, գործընթացներ և հաշվետվողականություն, որոնք անհրաժեշտ են նույնականացնելու, չափելու, մշտադիտարկելու, գնահատելու, վերահսկելու և ներկայացնելու բոլոր էական ռիսկերը` առանձին և խմբավորված, ինչպես նաև այդ ռիսկերի փոխադարձ կախվածությունը: 
4. Ռիսկերի կառավարման համակարգը պետք է բավարար չափով ինտեգրված լինի կառավարչի կազմակերպական կառուցվածքին և որոշումների ընդունման գործընթացներին: 
5. Ռիսկերի կառավարման համակարգը պետք է համաչափ լինի կառավարչի գործունեությանը և կառավարվող ֆոնդերի բնույթին, ծավալներին և բարդությանը` արտացոլելով կառավարչի գործունեության շրջանակները: 

ԳԼՈՒԽ 3. ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ 

6. Կառավարչի իրավասու մարմինը պետք է միջոցառումներ ձեռնարկի կառավարչի ռիսկերի կառավարման համակարգի սահմանման, գործարկման և կատարելագործման համար, ինչպես նաև կառավարչի բարձր մասնագիտական էթիկայի ստանդարտներ ներդնելու համար: 
7. Կառավարչի իրավասու մարմինը պետք է սահմանի և մշտապես վերանայի կառավարչի ռիսկերի կառավարման ամբողջ համակարգը: Նշված գործընթացը ներառում է ռիսկերի ընդունելի մակարդակների, ինչպես նաև այդ ռիսկերի չափման և վերահսկման միջոցների սահմանումը: 
8. Ռիսկերի գնահատման արդյունավետությունը պահպանելու նպատակով կառավարչի իրավասու մարմինը պետք է հաճախակի գնահատի և գրանցի այն ռիսկերը, որոնք ազդում են կառավարչի նպատակների իրագործման վրա, և արձագանքի փոփոխվող միջավայրին և պայմաններին: 
9. Կառավարչի իրավասու մարմինը պետք է ստուգի, որ կառավարչի մոտ սահմանված ռիսկերի կառավարման համակարգը մշտապես գործում է արդյունավետ և անհրաժեշտ դեպքերում առկա են համապատասխան գործընթացներ կառավարչի ռազմավարությունը փոփոխելու (ճշգրտելու) համար: 
10. Կառավարչի մոտ պետք է ներդրված լինի լիազորությունների հստակ բաժանում: Լիազորությունների բաժանումը պետք է արտացոլի այն ռիսկերի բնույթը և չափերը, որոնց հակված է կառավարիչը և դրա կառավարման ներքո գտնվող ֆոնդերը: 
11. Կառավարիչը պետք է ունենա պատշաճ ներքին հսկողության համակարգ, որի հիմնական բնորոշիչը հանդիսանում է կառավարման տարբեր մակարդակների միջև համարժեք տեղեկատվության փոխանակման համար պատշաճ մեխանիզմների ստեղծումը: 
12. Կառավարչի մոտ պետք է ներդրվի շահերի բախման քաղաքականություն, ներառելով դրա բացահայտման և վերանայման գործընթացները, ինչպես նաև վարվելակերպի կանոնները ամբողջ անձնակազմի համար: 

ԳԼՈՒԽ 4. ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ 

13. Կառավարիչը պետք է ապահովի, որ ներքին հսկողության մեխանիզմները գործարկվեն կառավարչի բոլոր մակարդակներում և կազմեն կառավարչի առօրյա գործունեության անբաժանելի մասը` ինչպես կառավարման վերին մակարդակում, այնպես էլ յուրաքանչյուր ստորաբաժանման մակարդակում: 
14. Կառավարիչը պետք է ունենա համարժեք ռիսկերի մշտադիտարկման համակարգ: Ռիսկերի կառավարման համակարգը պետք է ապահովի, որ գործարքները կատարվեն նման իրավասություններ ունեցող անձանց կողմից, այն եղանակներով, որոնք թույլատրվել են կառավարչի իրավասու մարմնի կողմից: 

ԳԼՈՒԽ 5. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 

15. Կառավարչի մոտ պետք է ներդրվեն համարժեք և բազմակողմանի մեխանիզմներ ներքին տեղեկատվության, արտաքին տեղեկատվության և ֆինանսական շուկայի տեղեկատվության շրջանառության համար: Տեղեկատվությունը պետք է լինի հուսալի, արդիական և մատչելի: Կառավարիչը պետք է ունենա համապատասխան քաղաքականություն, որն ապահովում է գաղտնի տեղեկատվության պատշաճ օգտագործումը: 
16. Կառավարիչը պետք է ներդնի արդյունավետ հաշվետվողականության մեխանիզմ: Տեղեկատվությունը պետք է տրամադրվի իրավասու անձանց ընկալելի ձևաչափով, պատշաճ հաճախականությամբ: 
17. Կառավարչի մոտ պետք է ներդրվեն հաղորդակցության արդյունավետ մեխանիզմներ այնպես, որ յուրաքանչյուր անձի իրավասությունները լինեն հեշտ ընկալելի, և ապահովեն անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը համապատասխան անձնակազմին: 
18. Կառավարչի իրավասու անձինք պետք է տեղեկացվեն կառավարչի մոտ ներքին հսկողության թերացումների կամ անարդյունավետ հսկվող ռիսկերի մասին դրանց բացահայտումից անմիջապես հետո: 
(հավելվածը փոփ. 15.07.14 թիվ 184-Ն)



Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան