Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ուսանողական ռեֆերատների մրցույթի ամփոփում և «Բարեփոխում և գիտելիք» հանրային իրազեկման նախաձեռնության մեկնարկ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումներ» ծրագիրը և ՀՀ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամը համատեղ կազմակերպել են «Բարեփոխում և գիտելիք» նախաձեռնության մեկնարկի և ուսանողական ռեֆերատների մրցույթի մրցանակաբաշխության արարողություն, որը տեղի կունենա հունիսի 29-ին, ժամը 11:00, Գոլդեն Թուլիփ Երևան հյուրանոցում:
 
Միջոցառման նպատակն է ամփոփել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ուսա-նողական ռեֆերատների մրցույթի արդյունքները և մրցանակներ, պատվոգրեր ու վկայագրեր հանձնել մրցույթի մասնակից ուսանողներին: Գլխավոր մրցանակը հաղթողին կհանձնի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյանը:
Նույն միջոցառման շրջանակներում կազդարարվի նաև հանրապետության ավագ դպրոցներում ֆինանսական գիտելիքի տարածման և կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման «Բարեփոխում և գիտելիք» նախաձեռնության մեկնարկը: Այս նախաձեռնությանը աջակցում են գիտելիքի տարածման նպատակ հետապնդող և իրազեկման միջոցառումներ իրականցնող մի շարք պետական և ոչ պետական կազմակերպություններ, որոնց ներկայացուցիչները ԿՀԻԿ հիմնադրամի հետ կկնքեն համագործակցության հուշագրեր: Մասնավորապես` երկկողմ հուշագիր կկնքվի ԿՀԻԿ հիմնադրամի և ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակի միջև և, ինչպես նաև եռակողմ հուշագիր` ԿՀԻԿ հիմնադրամի, ՀՀ Կենտրոնական բանկի և ՀՀ Կրթության նախարարության միջև:
 
Միջոցառմանը հրավիրված են կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի անդամներ, կենսաթոշակային բարեփոխմանն առնչվող գերատեսչությունների ղեկավարներ` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ Կրթության և գիտության նախարարներ, Ազգային Ժողովի պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք, լրագրողներ:
 
Մրցույթի իրականացմանը և միջոցառման կազմակերպմանն աջակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ Կենտրոնական բանկը, ՀՀ ֆինանսների նախարարությունը, Nasdaq OMX-ը:


ԿՀԻԿ հիմնադրամ,
Մամլո հաղորդագրություն



 

Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան