Եկամտային հարկի ներդրումը 2013թ.կենսաթոշակային բարեփոխումներին ընդառաջ


Աղվերան. Սեպտեմբեր 29, 30. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ֆինանսների նախարարությունները, Պետական եկամուտների կոմիտեն, ԿՀԻԿ Հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի հետ համատեղ կազմակերպեցին  երկօրյա կլոր սեղան-քննարկում «Եկամտային հարկի ներդրումը 2013թ. ընդառաջ  կենսաթոշակային բարեփոխումներին» թեմայով: Միջոցառման ընթացքում ներկայացրեցին  2013 թվականի հունվարից ներդրվելիք նոր միասնական եկամտային հարկը, հաշվետվությունները բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը և այն ապահովող միջոցառումների ծրագիրը: Քննարկումը նաև սկիզբ դրեց տարվա ընթացում պլանավորված կլոր սեղան քննարկումներին, որոնք տեղի կունենան բոլոր մարզերում` փորձելով հանրապետության գործատուներին հնարավորինս մատչելի դարձնել համապատասխան տեղեկատվությունն ու գիտելիքը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով, հանրային, ի մասնավորի` գործատուների իրազեկման իրականացումը բարեփոխումների այս փուլում առաջնային կարևորության խնդիր է, քանի որ կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում կատարված փոփոխությունների արդյունքում ներկայիս սոցվճարների և եկամտահարկի փոխարեն ներդրվում է նոր միասնական եկամտային հարկ, իսկ հաշվետվությունները ներկայացվելու են  բացառապես էլեկտրոնային տարբերակով, ինչը թեթևացնում է գործատուների հոգսը: Բացի այդ աշխատող քաղաքացիները պետք է հստակ իմանան, որ իրենց փաստացի տնօրինվող եկամուտը չի նվազելու:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև բազմաստիճան կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մարտահրավերները և դրան առնչվող օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև եկամտային հարկի մանրամասները եւ դրա հաշվարկման առանձնահատկությունները: Նշվեց, որ նորամուծություններից բխում են բազմաթիվ առավելություններ, ինչպես հարկային մարմնի, այնպես էլ գործատուների համար:

ԿՀԻԿ հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանի ներկայացմամբ, մշակվել է անձնավորված հաշվարկը (գրանցման հայտը) էլեկտրոնային եղանակով ներկայացնելն ապահովող միջոցառումների մանրամասն ծրագիր, ըստ առաձին թիրախային խմբերի և սրանով նաև սկսվում է ուսուցման դասընթացների շարք: Նախատեսվում են նաև իրազեկման  բազմաթիվ այլ միջոցառումներ: Նա վստահություն հայտնեց, որ հանրությունը գործատուները պատրաստ կլինեն կատարվող փոփոխություններին և թե′ մասնավոր հատվածը, թե′ աշխատող քաղաքացիները կկարողանան առավելագույն օգուտ քաղել` բարեփոխումների ընձեռած բոլոր հնարա-վորությունները գրագետ օգտագործելով:

ԿՀԻԿ հիմնադրամ,
Մամլո հաղորդագրություն







Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան