Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում. նոր ուսումնական ծրագիր տնտեսագիտական համալսարանում

Հոկտեմբերի 3–ին «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի «Բարեփոխումներ եւ գիտելիք» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ «Ֆինանսական շուկաներ եւ ինստիտուտներ» ամբիոնում ներդրվող «Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մագիստրոսական նոր ծրագրի բացման արարողությունը եւ առաջին բաց դասը: 

Կրթական ծրագրի նպատակն է Հայաստանի առաջատար բուհերից մեկում արհեստավարժ մասնագետ-կառավարիչների շարունակական պատրաստումը, ովքեր կնպաստեն կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետ ապահովմանը եւ երկրում 
կենսաթոշակային համակարգի կայացմանն ու զարգացմանը: Այս միջոցառումն ազդարարում է, որ այսուհետեւ Հայաստանում իրականացվող նոր կենսաթոշակային համակարգի ամբողջական մեխանիզմները, ինչպես նաեւ հաշվարկման ու ներդումային 
կառավարման հիմունքները կդասավանդվեն պետական տնտեսագիտական համալսարանում: «Այս կրթական ծրագրի շնորհիվ հետագայում համակարգն ապահովված կլինի կենսաթոշակային ոլորտի որակավորված մասնագետներով, որոնք առաջիկայում մեծ պահանջարկ են վայելելու աշխատաշուկայում: Բարեփոխումներն իրենց հետ բերում են նոր մտածելակերպ, նոր հոգեբանություն եւ նոր գիտելիքներ, որի առաջնահերթ կրողները լինելու են նոր սերնդի երիտասարդ մասնագետները, նրանց մասնագիտական hմտություններից է նաեւ կախված ներդրվող բարդ համակարգի հաջողությունը»,- բացման խոսքում ընդգծեց ԿՀԻԿ հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանը: 

«Նոր կենսաթոշակային համակարգը էապես կնպաստի տնտեսական աճին, իսկ դրա միջոցով կենսաթոշակառուների, աշխատողների եւ գործատուների բարեկեցությանը,- ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր ողջույնի խոսքում,- ուստի մեզ համար առավել կարեւոր է, որ տարիների ընթացքում մշակված, միջազգային փորձով հարստացված եւ վերջնական լուծումներ ստացած այս համակարգը հայտնվի ապահով ձեռքերում` իրականացվի արհեստավարժ, համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կողմից»: Նախարարը շեշտեց նաեւ, որ այս նախաձեռնությամբ նպատակ է դրված նաեւ խորացնել եւ շարունակական դարձնել գիտահետազոտական եւ ուսումնական կազմակերպությունների հետ պետական կառավարման շահագրգիռ մարմինների համագործակցությունը, կապ հաստատել բուհական համակարգի եւ երկրում ընթացող բարեփոխումների եւ դրանցից բխող աշխատաշուկայի նոր պահանջների միջեւ: Այսօրվանից պետք է սկսել պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք անհրաժեշտ են լինելու մի քանի տարի անց նոր համակարգերի արդյունավետ գործարկման համար, ասաց նախարարը: 

Ծրագրի ներդրմանն աջակցել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Սոցիալական ապահովության պետական ծառայությունը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ԿՀԻԿ հիմնադրամը,ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը:

Միջոցառմանը մասնակցեցին կենսաթոշակային բարեփոխմանն առնչվող գերատեսչությունների ներկայացուցիչներ. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Ֆինանսների, կրթության եւ գիտության նախարարություններից, ՀՀ կենտրոնական բանկից, փորձագետներ` ԱՄՆ ՄԶ Գործակալությունից, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամից, ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակից եւ Համաշխարհային բանկից, ինչպես նաեւ տարբեր ուսումնական հաստատությունների ղեկավարներ, դասախոսներ, ուսանողներ եւ լրագրողներ:

ԿՀԻԿ հիմնադրամ,
Մամլո հաղորդագրություն



Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան