ԿՀԻԿ հիմնադրամը կհրապարակի կուտակային համակարգին առնչվող ամենահրատապ հարցերի պատասխանները

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը» լրատվամիջոցներին, շահագրռգիռ և գործընկեր կառույցներին պարբերաբար կտրամադրի կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները, որոնք կընտրվեն սեմինարների ընթացքում և թեժ գծի միջոցով քաղաքացիների հնչեցրած հարցերից:

114 անվճար հեռախոսային ծառայությունը գործում է 2011 թվականից, սկզբում՝ որպես Սոցիալական ապահավության պետական ծառայության թեժ գիծ, որը տրամադրում էր տեղեկատվություն բաշխողական կենսաթոշակային համակարգի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, ինչպես նաև ներդրվող կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Թեժ գծի նշանակությունը հատկապես մեծացավ 2012 թվականի երկրորդ կիսամյակից սկսած, քանի որ այն եկամտային հարկի և անձնավորված հաշվառման համակարգի ներդրման ընթացքում տեղեկատվական ամենակարևոր աղբյուրներից էր թե´ գործատուների ու հաշվապահների, և թե´ անհատ քաղաքացիների համար: 2012 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի մարտ ամիսը թեժ գծի զանգերի թիվը գերազանցել է օրական 300-ը` եկամտային հարկի, էլեկտրոնային հաշվետվությունների, բաշխողական և կուտակային կենսաթոշակային համակարգերի վերաբերյալ հարցերով:

2013 թվականի սեպտեմբերից սկսած 114 թեժ գիծը վերածվել է ոչ միայն կենսաթոշակային, այլ նաև ամբողջ սոցիալական ոլորտին առնչվող թեմաների պարզաբանման հեռախոսային ծառայության` դառնալով ԿՀԻԿ հիմնադրամի իրազեկման կարևոր գործիքներից մեկը: Քաղաքացիները դիմում են 114 հեռախոսահամարով սոցիալական ապահովությանը վերաբերող տարատեսակ հարցերով: Թեժ գիծը իր ծառայությունների մեջ կիրառում է նաև հետադարձ կապի սկզբունքը` անհրաժեշտության դեպքում ճշտելով պատասխանները լիազոր կառույցներից: 

Ինչպես և սպասվում էր, վերջին ամիսներին` սկսած 2013 թվականի սեպտեմբերից, թեժ գծին տրվող հարցերի գերակշիռ մասը վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Տրվում են հարցեր սկսած բարեփոխումների անհրաժեշտության հիմնավորումից և ակտիվների կառավարիչների քաղաքականու-թյունից՝ մինչև համակարգի մասնակիցների պրակտիկ քայլերը՝ ինչպես ընտրել ֆոնդ և ակտիվի կառավարիչ, ինչպես հետևել անհատական հաշիվներին և այլն: 114 թեժ գիծը ստանում է օրական 500-600 զանգ, և մոտ ապագայում նախատեսվող տեխնիկական վերազինումը և աշխատակազմի համալրումը ավելի կընդլայնեն որակյալ ծառայություններ մատուցելու թեժ գծի հնարավորությունները: 

114 Թեժ գծի ամենօրյա մոնիտորինգով առանձնացվում են ամենահաճախ հնչող հարցադրումները, որոնց պատասխանները ԿՀԻԿ հիմնադրամը մտադիր է հատուկ հաղորդագրությունների միջոցով տարածել լրատվամիջոցներին, շահագրգիռ և գործընկեր կառույցներին, անվճար սեմինարների մասնակիցներին, քանի որ վերլուծությունները ցույց են տալիս, որ թեժ գծին ուղղված հարցերը հիմնականում հասարակությանը հետաքրքրող ամենահրատապ թեմաների շուրջ են: Քիչ չեն նաև հաշվապահներին, գործատուներին հետաքրքրող մասնագիտական հարցադրումները, որոնց պատասխանները տարածելով՝ հիմնադրամը մտադիր է օգնել առաջացած հնարավոր տեխնիկական կամ մասնա-գիտական խնդիրների արագ պարզաբանմանն ու լուծմանը: 

ԿՀԻԿ հիմնադրամ,
Մամլո հաղորդագրություն


Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան