Պարտադիր կուտակային համակարագին նվիրված ուսումնական ծրագիրը նոր թափ է առնում

2013 թվականի երկրորդ կիսամյակից սկսած` «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամը իրականացնում է լայնամասշտաբ ուսումնական ծրագիր ինչպես անհատ քաղաքացիների, այնպես էլ դասընթացի հայտեր ներկայացրած առանձին ընկերությունների աշխատակիցների համար։ Հայտերը քաղաքացիները ներկայացնում են 114 թեժ գծի կամ epension@epension.am էլկետրոնային փոստի միջոցով: 

Անվճար դասընթացների մասին հիմնադրամը պարբերաբար տարածում է հայտարարություններ տեղեկատվական տարբեր միջոցներով, ինչի արդյունքում հայտագրված քաղաքացիների թիվը կտրուկ աճել է: Դա նաև կապված է հանրության մեջ կենսաթոշակային թեմայի նկատմամբ աճող հետքրքրությամբ և հանրային ակտիվ բանավեճով։ 

2014 թվականի հունվարի 1-ից մեր երկրում մեկնարկած պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը իր հետ բերում է նոր գիտելիքների անհրաժեշտություն` ինչպես համակարգի շահառուների (1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատողներ), այնպես էլ գործատուների համար: Անհրաժեշտ է հստակ ըմբռնել բարեփոխումների տրամաբանությունը, նոր համակարգի ընձեռած հնարավորությունները և ակնկալիքները կուտակային համակարգի ներդրումից: Բացի այդ, ԿՀԻԿ հիմնադրամի անվճար սեմինարները ֆինանսական գիտելիքի տարածման նպատակ ունեն և, բուն բարեփոխումներից բացի, մասանակիցներին փոխանցվում են տեղեկատվություն ֆինանսական շուկայի կարևորագույն կառույցների գործառույթների վերաբերյալ։ 

2014 թվականի մեկնարկից հիմնադրամը առավել մեծ քանակի հայտեր է ստանում պետական և համայնքային կառավարչական մարմիններից, այդ թվում` մարզերում գործող ընկերություններից: Ըստ հայտերի` մասնագետները այցելում և տեղում աշխատակազմին են ներկայացնում կենսաթոշակային բարեփոխումները, պարտադիր կուտակային բաղադրիչը, գործատուների և քաղաքացիների անելիքները նոր համակարգում: Հիմնադրամն արդեն այդպիսի հանդիպումներ է անցկացրել Արարատի և Արագածոտնի մարզերի բոլոր պետական կառույցների ներկայացուցիչների հետ` թվով մոտ 600: Մարզային դասընթացների իրականացումը շարունակական բնույթ է կրում, և առաջիկայում հանդիպումներ են անցկացվելու Արմավիրի, Շիրակի, Կոտայքի, Տավուշի և մյուս մարզերում գործող պետական կառույցների աշխատակիցների հետ: 

Երևանում վերապատրաստվել են ՊԵԿ մարզային տարածքային կենտրոնների աշխատակիցները, Պաշտպանության նախարարության, Ֆինանսների, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման նախարարությունների աշխատակազմերը, Ազգային վիճակագրական ծառայության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, Զբաղվածության պետական գործակալության մարզային տարածքային բոլոր կենտրոնների աշխատակիցները, մի շարք ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից, որոնց թիվը գերազանցում է 300-ը: 

Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ անվճար դասընթացներին մասնակցելու հայտերը շարունակում են ընդունվել մասնավոր կազմակերպությունների, ուսանողների, բազմաթիվ հետաքրքրված քաղաքացիների կողմից: Դասընթացներն անցկացվում են անմիջապես ԿՀԻԿ հիմնադրամի լսարանում, դրանք վարում են որակավորված մասնագետներ: 

ԿՀԻԿ հիմնադրամը կոչ է անում բոլոր քաղաքացիներին և շահագրգիռ կառույցներին, ովքեր հետաքրքրված են բարեփոխումներով և ունեն կուտակային համակարգի վերաբերյալ պարզաբանումների կարիք, գրանցվել և մասնակցել դասընթացներին, ստանալ համապատասխան գրականություն և արժանահավատ տեղեկատվություն: Մասնակցության հայտ ներկայացնելու համար քաղաքացիները կարող են օգտվել ստորև ներկայացված եղանակներից` 

114 անվճար թեժ գիծ 
epension@epension.am էլ. փոստ 
Կենսաթոշակային բարեփոխումների ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/ArmeniaPensions www.114gov.am 

ԿՀԻԿ հիմնադրամ,
Մամլո հաղորդագրություն


Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան