«Կուտակային կենսաթոշակների մասին » օրենքի հիմնական շեշտադրումները

ՀՀ Ազգային ժողովում քննարկման է դրվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամը ցանկանում է ներկայացնել հանրության ուշադրությանը այն հիմնական փոփոխություններն ու շեշտադրումները, որոնք տեղ են գտել օրենքի փոփոխությունների նախագծում:

1. 2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու:

2. Օրենքով սահմանվում է ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար (սոցիալական վճար)
:
3. Նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը կազմում է 5 տոկոս:

4. Սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմ` 500.000 դրամի չափով և պահպանվում է պետական մասնակցության առավելագույն շեմը, 25 000 դրամ ամսական կամ տարեկան` 300 000 դրամ:

5. Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը 5 տարի հետո` 2020թ-ից փոխկապակցվելու է նվազագույն ամսական աշխատավարձի չափին (սահմանելով նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկի չափով):

6. Վարձու աշխատողների համար սահմանվում է Սոցիալական վճարի առավելագույն շեմ, և եթե անձը մի քանի աղբյուրից ստանում է եկամուտ և այնպես է ստացվում, որ գործատուների կողմից հաշվարկված սոցվճարները գերազանցում են առավելագույն շեմը, ապա անձը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող է ստանալ ավել վճարած գումարները:

7. Սոցիական վճար են կատարում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածները, սակայն անձը կարող է մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը դիմում ներկայացնելու միջոցով հրաժարվել սոցիալական վճար կատարելուց:

8. Սոցիալական վճար կատարելուց չեն կարող հրաժարվել.
1) պետական աշխատողները,
2) 2014 թվականի հուլիսի 1-ից հետո վարձու աշխատողի կարգավիճակ ձեռք բերած, նոտարի պաշտոնում նշանակված, անհատ ձեռնարկատեր դարձած՝ 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված այն անձը, ով 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չի հանդիսացել վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր:

9. Դիմում ներկայացրած անձը ցանկացած ժամանակ կարող է դիմել` մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը, սոցիալական վճար կատարելը վերսկսելու համար:

10. 1996 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձի կողմից վճարվող սոցիալական վճարի գումարը, մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը, նվազեցվում է նրա կողմից վճարման ենթակա եկամտային հարկի գումարից:

11. 1964 թվականի հունվարի 1-ից մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված և համակարգին կամավոր միացած անձանց համար ևս կլինի պետական մասնակցություն՝ ընդհանուր կանոններով:

12. Նվազագույն աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարը կատարում է գործատուն (այսինքն, նվազագույն անվանական ամսական աշխատավարձը պիտի սահմանվի այնպես, որ դրանից սոցիալական վճար և հարկը պահելուց հետո չմնա ավելի պակաս գումար, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափը, 2014թ. հուլիսի 1-ից` 50.000 դրամ):

13. Եթե լրացել է անձի 55 տարին և նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային ֆոնդի փայերի ընդհանուր հաշվարկային արժեքը այնքան է, որ բավարարում է ոչ պակաս, քան հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով ցմահ անուիտետ գնելու համար, ապա նա կարող է ստանալ իր կուտակած միջոցները 55 տարեկանից` կենսաթոշակային ֆոնդի փայերի մի մասի մարման արդյունքում ստացված գումարի չափով կնքելով հիմնական կենսաթոշակի հնգապատիկն ապահովող անուիտետի պայմանագիր, իսկ մնացած մասը ստանալ իր նախընտրած տարբերակով (վաղաժամկետ կուտակային կենսաթոշակի իրավունք):

14. Ի տարբերություն գործող օրենքի, մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվին առկա միջոցները կարող են միանվագ ամբողջությամբ վճարվել ժառանգին:

15. Պետական հատվածի՝ սոցիալական վճար կատարող աշխատողները, ովքեր մասնակից են և ընդգրկված են սոցիալական փաթեթի ծրագրում, կարող են իրենց սոցիալական փաթեթի գումարները (բացի առողջապահության փաթեթի համար նախատեսված 52.000 դրամից)` որպես սոցիալական վճար, փոխանցել իրենց կենսաթոշակային հաշիվներին:

16. Եթե սոցիալական վճար կատարող անձը գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա մինչև երեխայի 2 տարին լրանալը (18000 դրամ նպաստ ստանալուն զուգահեռ) այդ անձի համար պետությունը կատարում է նպատակային սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդում գտնվող յուրաքանչյուր անձի համար 5000 դրամ ամսական:

17. Եթե 1964-1974թթ. ծնված անձը կամավորության սկզբունքով (կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա) մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը դիմում է սոցիալական վճար կատարելու համար, (օգտին) ապա նրա համար (օգտին) կուտակային հատկացումները կատարվում են սույն օրենքի սահմանված չափով, այսինքն, պետությունը այս դեպքում ևս կրկնապատկում է կատարված սոցիալական վճարները:

18. Մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված փայերի գումարը` հաշվարկված ՀՀ կենտրոնական բանկի սահմանած տոկոսադրույքով, դիմումների հիման վրա, մաս-մաս վերադարձվում են անձանց, դեպոզիտարիայի միջոցով` 2015թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Անկախ դիմում գրելու պահից՝ հետ վերադարձման ենթակա է միայն մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը կատարված վճարների դիմաց ձեռք բերված փայերի մարումից ստացված ճշգրտված գումարը: Հետ վերադարձի դիմումներին ընդունվում են 2014 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը: Ընդ որում, հետ են վերադարձվում միայն մասնակցի կողմից կատարված վճարումները /առանց պետական մասնակցության/: Եթե անձը շարունակում է մասնակցությունը կուտակային բաղադրիչին, ապա պետական մասնակցության գումարը մնում է նրա հաշվում, իսկ եթե անձը չի մասնակցում կուտակային համակարգին, ապա պետական մասնակցության գումարը փոխանցվում է պետական բյուջե:

Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել 114 անվճար Թեժ Գիծ, կամ այցելել www.epension.am սոցիալական պորտալ:

ԿՀԻԿ հիմնադրամ,
Մամլո հաղորդագրություն












Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան