Ի՞նչ անել, եթե ավելի շատ կուտակային հատկացում եք կատարել, քան պահանջվում է


Եթե կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը եկամուտ է ստանում միաժամանակ մեկից ավելի աղբյուրներից, և ստացվող համախառն եկամուտը գերազանցում է ամսական 500 000 դրամը, իսկ նոտարների և անհատ ձեռնարկատերերի դեպքում` տարեկան 6 000 000 դրամը, ապա առաջանում է մասնակցի կողմից կատարվող սոցիալական վճարների գերավճար, որը ենթակա է վերադարձման մասնակցին` բանկային փոխանցման միջոցով: 
  
Կուտակային համակարգում 2014 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններից մեկը կուտակային վճարների առավելագույն շեմի սահմանումն էր, ինչի արդյունքում ամսական 500 000 դրամից ավելի եկամուտ ստացող անձինք կատարում են ֆիքսված` 25 000 դրամի չափով հատկացում, ևս այդքան նրանց համար փոխանցում է պետությունը պետական բյուջեից: 
  
Անհատ ձեռնարկատերերը և նոտարները, եթե տարեկան եկամուտը գերազանցում է 6 000 000 դրամը, կատարում են տարեկան 300 000 դրամ սոցիալական վճար, ևս այդքան նրանց օգտին հատկացվում է պետական բյուջեից: 

Եթե Դուք եկամուտ եք ստանում միաժամանակ մեկից ավելի աղբյուրներից, և ստացվող համախառն եկամուտը գերազանցում է ամսական 500 000 և տարեկան 6 000 000 դրամը, ապա յուրաքանչյուր եկամտից առանձին-առաձին կատարված 5 տոկոս հատկացումների արդյունքում Դուք ունենում եք սոցիալական վճարի գերավճար: 
  
Առաջին անգամ գերավճար առաջանալու դեպքում հարկային մարմինը այդ մասին ծանուցում է մասնակցին` նշելով գերավճարի չափը և մասնակցի կողմից իր բանկային տվյալները հարկային մարմին ներկայացնելու անհրաժեշտությունը: 

Ծանուցումը ստանալուց հետո մասնակիցը պետք է իր բանկային տվյալները` ծանուցման հետ միասին, ներկայացնի իր բնակության վայրի հարկային տարածքային տեսչություն: 
  
Մասնակցի բանկային տվյալները ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը գանձապետարան է ներկայացնում վճարման հանձնարարական, որից հետո ևս երկու աշխատանքային օրվա ընթացքում գումարը փոխանցվում է մասնակցի բանկային հաշվին: 
  
Հետագայում նույն մասնակցի համար սոցիալական վճարի գերավճար առաջանալու դեպքում հարկային մարմինը այլևս այդ մասին չի ծանուցում, և գերավճարի առաջանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարման հանձնարարական է ուղարկում գանձապետարան: 

Այսպիսով, եթե Դուք եկամուտ եք ստանում մեկից ավելի աղբյուրներից, և ամսական համախառն եկամտի չափը 500 000 դրամից ավելի է, ապա վստահացեք, որ ստացել եք հարկային մարմնից ծանուցում սոցիալական վճարի գերավճարի վերադարձի մասին, և Ձեր գումարը վերադարձվել է Ձեզ` Ձեր ներկայացրած բանկային հաշվին: 

Բոլոր հարցերով կարող եք դիմել սոցիալական ոլորտի 114 թեժ գծին կամ www.epension.am կայքի առցանց խորհրդատուին:  





Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան