Ինչպե՞ս իմանալ` որքան կենսաթոշակային խնայողություն ունեք

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է պարբերաբար տեղեկանալ, թե որքան գումար է կուտակվել իր կենսաթոշակային հաշվին, և որքանով են այդ միջոցները ավելացել կառավարման արդյունքում: 

Կան մի քանի եղանակներ, որոնց միջոցով կարելի է նույնիսկ ամեն օր հետևել` արդյոք վճարումները կատարվում են ճիշտ չափով և ժամանակին, քանի տոկոս եկամտաբերություն են ապահովում կենսաթոշակային ֆոնդերը, որ ֆոնդում են կառավարվում միջոցները: 
  
Առաջին եղանակը համացանցն է. եթե մասնակիցը ունի նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք, ապա կարող է ցանկացած ժամանակ, ցանկացած վայրից մուտք գործել իր անհատական կենսաթոշակային հաշիվ և հետևել իր միջոցների շարժին, ինչպես նաև ներկայացնել, օրինակ, կենսաթոշակային ֆոնդի և կառավարչի ընտրության, փոփոխության դիմումներ: 

Առցանց եղանակով կենսաթոշակային հաշիվ կարելի է մուտք գործել www.epension.am միասնական սոցիալական պորտալի «Իմ հաշիվը» հավելվածի միջոցով: 
  
Եթե չունեք նույնականացման քարտ կամ քարտը կարդացող սարք, ապա կարելի է օգտվել հաշվի օպերատորների ծառայությունից: Հարկավոր է ներկայացնել անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ): 
  
Հաշվի օպերատորներ են Հայփոստը, Արարատբանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկը, Ինեկոբանկը, ՎՏԲ բանկը և Կոնվերսբանկը: Ձեր կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով նշված կազմակերպություններից որևէ մեկի ցանկացած մասնաճյուղ: 

Կենսաթոշակային հաշիվը ստոգելու երրորդ եղանակը բանկոմատներն են` եթե դրանք միացված են ԱրՔա համակարգին: «Լրացուցիչ ծառայություններ» բաժնից ընտրելով «կենսաթոշակային հաշվի քաղվածք» հրահանգը` կտեսնեք տվյալ պահի դրությամբ Ձեր կենսաթոշակային հաշվում առկա միջոցների ընդհանուր չափը և հաշվով կատարված վերջին տասը գործարքները: 

Կենսաթոշակային հաշվիը ստուգելը խիստ կարևոր է. նաև մասնակցի հետևողականությունից է կախված, թե որքան արդյունավետ կկառավարվեն նրա միջոցները: Հետևելով վճարումների պարտաճանաչ կատարմանը և ֆոնդերի եկամտաբերությանը` կարելի է անուղղակի մասնակցություն ունենալ կուտակային միջոցների կառավարման գործընթացում: 

Եթե, օրինակ, մասնակիցը հայտնաբերում է, որ որևէ ամսվա գումար արտացոլված չէ հաշվում, ապա հարկավոր է դիմել լիազոր մարմիններին` խնդիրը կարգավորելու համար: Այլապես այդ գումարը, կենսաթոշակային հաշվին փոխանցված չլինելու պատճառով, չի կառավարվում և չի ապահովում լրացուցիչ եկամուտներ, ինչը կարող է ազդել ապագա կենսաթոշակի չափի վրա: 

Հետևեք նաև տարբեր ֆոնդերի եկամտաբերությանը` հասկանալու համար, թե որ ֆոնդերն են ավելի բարձր եկամտաբերություն ապահովում և, ըստ այդմ, փոխեք Ձեր կենսաթոշակային ֆոնդը`միջոցները տեղափոխելով առավել արդյունավետ կառավարվող ֆոնդեր: 
  
Բոլոր հարցերով քաղաքացիները կարող են դիմել 114 անվճար թեժ գծին և www.epension.am կայքի առցանց խորհրդատուին:  
























Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան