20-09-2018
Նորություն

Նախարարն ու տեղակալներն ընդունել են ԵԽ հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 20-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, նախարարի տեղակալներ Արսեն Մանուկյանն ու Զարուհի Բաթոյանն ընդունել են ԵԽ հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին հաշմանդամություն ունեցող անձանց, բռնության դեմ պայքարին, երեխաների և տարեցների իրավունքներին վերաբերող հարցեր։

ԵԽ հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովանը առանձնակի ուշադրություն հրավիրեց ապաինստիտուցիոնալացման խնդրին։ Նա համառոտ ներկայացրեց նախորդ օրերին ԱՍՀՆ ենթակայության տակ գտնվող հաստատություններ կատարած այցելություններից իրենց ստացած տպավորություններն ու առանձնացրեց այն խնդիրները, որոնք արձանագրել են աշխատակիցների և հաստատություններում խնամվող անձանց հետ շփման ընթացքում։

Նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ բարձրաձայնած խնդիրները ախտորոշվել են նաև նախարարության նոր ղեկավարության կողմից և դրանց լուծման ուղղությամբ արդեն իսկ մեխանիզմներ են մշակվում։

«Հատկապես խնդրահարույց է հաշմանդամություն ունեցող երեխաների և տարեցների խնամքով զբաղվող հաստատությունների հարցը։ Երեխաների դեպքում մենք այս պահին զուգահեռաբար աշխատում ենք մասնագիտական հաստատություններ նոր երեխաների մուտքը կանխարգելելու ուղղությամբ։ Իսկ տարեցների դեպքում հիմնական խնդիրն արդեն հանրապետության տարածքում անհրաժեշտ ծառայությունների բացակայությունն է, ինչը նշանակում է, որ հաստատությունների վերացման գործընթացից առաջ մենք նախ պետք է կարողանանք ապահովել համապատասխան ծառայություններ մասնավոր կամ ՀԿ կառույցների կողմից»,- նշել է Մանե Թանդիլյանը՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ այս պահին ուղղորդված աշխատանքներ են իրականացվում ինչպես միջազգային, այնպես էլ տեղական կառույցների հետ։ Միաժամանակ նախարարությունը աշխատանքներ է տանում հաստատություններում ապրող տարեցների համար անհրաժեշտ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ։

ԵԽ հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովանը հիշեցրեց նախորդ օրը թեմատիկ համաժողովի ընթացքում նախարարի ելույթն ու ողջունեց հատկապես խնդրի լուծման գործում տարբեր գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքի և միասնական մոտեցման անհրաժեշտության կարևորումը։ Հյուրերը քննարկեցին նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծի կարգավիճակը։

«Նախկինում կառավարությունը այս օրենքի 3 նախագիծ է շրջանառել։ Հիմնական խնդիրը, թերևս այն էր, որ դրանք մշակվել են առանց հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հետ աշխատող կառույցների պատշաճ մասնակցության։ Մենք հետ ենք կանչել օրենքը և պատարաստվում ենք ոչ միայն վերափոխել այն, այլև օրենքների փաթեթ մշակել, որը կապահովի ոլորտային բարեփոխումների միջգերատեսչական մոտեցումը»,- նշեց Զարուհի Բաթոյանը՝ տեղեկացնելով, որ նոր նախագիծը նախատեսվում է շրջանառել մինչև տարեվերջ։ Այն կներառի ոլորտի վերաբերյալ հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց հետ աշխատող տեղական և միջազգային կառույցների, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի դիրքորոշումները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև կանանց իրավունքների և նրանց նկատմամբ սեռով պայմանավորված բռնության խնդիրները։ Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը ներկայացրեց ոլորտում նախատեսվող բարեփոխումներն ու այն մեխանիզմները, որով նախատեսվում է իրականացնել այդ ծրագրերը։







Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան