14-08-2018
Նորություն

Նախարարն ընդունել է «ՀայՓոստ»-ի ներկայացուցիչներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և Սոցիալական ապահովության ծառայության պետ Արման Բոշյանն ընդունել են «ՀայՓոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի նախագահ, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին և «ՀայՓոստ» ՓԲԸ գործադիր խորհրդի անդամ, գլխավոր իրավական խորհրդական Արայիկ Աբրահամյանին։

Կողմերը քննարկել են կառույցների համագործակցության շրջանակում ծագող խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները, ինչպես նաև համագործակցության ընդլայնման և արդյունավետության բարձրացման հնարավորությունները։

Նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ «ՀայՓոստ»-ը նախարարության համար կարևորագույն գործընկեր է և հիշեցրեց, որ նախարար նշանակվելուց հետո ստացած առաջին բողոքները հենց «ՀայՓոստ»-ի ծառայությանն են վերաբերվել։ «Նպաստառուներն ու թոշակառուները մեր հանրության թերևս ամենախոցելի խմբերն են ու նրանց առնչվող խնդիրները օր առաջ լուծման կարիք ունեն։ Ծառայություններին վերաբերող որակական ու տեխնիկական հարցադրումների մեծ մասը դուրս է նախարարության կարգավորման շրջանակից, ուստի խնդիրների ամբողջական լուծման համար պետք է համատեղենք մեր ջանքերը»,- նշել է նախարար Մանե Թանդիլյանը։

«ՀայՓոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը նշեց, որ «ՀայՓոստ»-ի և նախարարության սկզբունքներն այս հարցում նույնական են։ Նրա խոսքերով՝ քաղաքացիների կողմից ներկայացված խնդիրները նոր չեն, և «ՀայՓոստ»-ը միշտ էլ բարձրաձայնել է այդ մասին, սակայն պետության և իրավապահ մարմինների կողմից խնդիրը բավարար ուշադրության չի արժանացել։ Խուան Պաբլո Գեչիջյանը նշեց նաև վերջին շրջանում բացահայտված խախտումների մասին որոնց փաստական հիմքը իրավապահներին տրամադրել է հենց «ՀայՓոստ»-ը։

«ՀայՓոստ» ՓԲԸ գործադիր խորհրդի անդամ, գլխավոր իրավական խորհրդական Արայիկ Աբրահամյանը մանրամասնեց, որ «ՀայՓոստ»-ի ծառայությունների մատուցման շրջանակում հնից եկած շատ ոչ ցանկալի ավանդույթներ շարունակվում են ոչ միայն փոստային աշխատողների, այլև հենց շահառուների կողմից։ Մեր ներքին վերահոսկողության միջոցառումների շրջանակում ավելի քան 800 աշխատակից է աշխատանքից ազատվել միայն սոցիալական վճարումների ծառայությունների իրականացման ընթացքում արված խախտումների համար, միաժամանկ պետք է նշել, որ ծառայությունների ընթացքում գումարների գանձումների մասին քաղաքացու առաջին պաշտոնական ահազանգը գրանցվել է միայն հեղափոխությունից հետո։

«Մեր կազմակերպության ներքին վերահսկողության համակարգը, ինչպես նաև 250-ից ավելի գրասենյակներում տեսախցիկների առկայությունը զգալի նվազեցրել են նմանօրինակ չարաշահումների հնարավորությունը, սակայն այն ընդհանրապես բացառելու համար անհրաժեշտ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ՀայՓոստ»-ի ինտենսիվ համագործակցությունը»,- նշեց Արայիկ Աբրահամյանը։

Նախարար Թանդիլյանը հավաստիացրեց, որ այսուհետ նախարարության թեժ գծով «ՀայՓոստ»-ին առնչվող բոլոր բողոքները կփոխանցվեն նաև «ՀայՓոստ»-ին՝ սեղմ ժամկետներում խնդիրներին հասցեական լուծում տալու նպատակով։

Կողմերը քննարկեցին նաև ոլորտային համագործակցությանն առնչվող այլ հարցեր՝ պայմանավորվելով առաջիկա աշխատանքային քննարկումների շրջանակում քննարկել համագործակցության զարգացման հնարավոր օրակարգն ու դրա իրագործման մեխանիզմները։








Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան