24-07-2018
Նորություն

Նախարարն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչներին

Հուլիսի 24-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ու նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանն ընդունել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ներկայացուցիչներին։

Հանդիպման սկզբում COAF-ի փոխտնօրեն, վարչական հարցերով ղեկավար Իննեսա Գրիգորյանը ամփոփ ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։ ՀՀ 5 մարզերի 44 գյուղերում տարբեր սոցիալական ծառայություններ մատուցող կառույցի ներկայացուցիչները ներկայացրին տարբեր համայնքներում աշխատանքի ընթացքում արձանագրված հիմնական խնդիրներն ու հիմնադրամի՝ դրանց լուծմանն ուղղված մոտեցումները։

«Մեր գործունեության հիմնական առաքելությունն է գյուղական համայնքներում ապրող փոքրիկներին տրամադրել զարգացման այն հնարավորությունները, որոնցից նրանք զրկված են բնակության վայրի պատճառով։ Մեր բոլոր ծրագրերը կարիքահեն են, մշակվում և իրականացվում են հենց համայնքի երեխաների կարիքների գնահատման միջոցով, իսկ գործունեություն ծավալելիս գրեթե միշտ ներգրավում ենք հենց համայնքի մասնագետներին՝ ապահովելով ծառայությունների շարունակականությունը» ,- նշեց Իննեսա Գրիգորյանը։

«Մեր համագործակցությունը կարող է հրաշալի պտուղներ տալ, որովհետև մենք ըստ էության լրացնում ենք իրար։ Նախարարությունը սեղմ ռեսուրսների պատճառով հաճախ չի կարողանում գյուղական համայնքի երեխաների կարիքների իրական պատկեր ստանալ։ Բնակիչների հետ աշխատանքում մեզ օգտակար կլինի նաև տեղում աշխատող մասնագետների փորձառությունն ու համայնքի մասին գիտելիքը» ,- նշեց Նախարար Մանե Թանդիլյանը։

COAF-ի Երեխաների և ընտանիքի աջակցության ծրագրի ղեկավար Լուսինե Սաղումյանը տեղեկացրեց, որ հիմնադրամի փորձառությունը ցույց է տալիս՝ կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների խնդիրները հնարավոր չէ լուծել միայն երեխաներին ուղղված ծրագրերով։ Երեխայի կարիքի գնահատման վրա հիմնված ծրագրերի շրջանակում հիմնադրամի թիրախում ոչ միայն երեխան է, այլև նրա ընտանիքը։

Կազմակերպությունը աշխատում է նաև մանկատների վերակազմավորման գործընթացի շրջանակում ընտանիք վերադարձած երեխաների և նրանց ընտանիքների հետ։ Կարևորելով այս փուլում մանկատների վերակազմավորման գործընթացի արդյունավետության գնահատումը, նախարարը կոչ արեց հիմնադրամի ներկայացուցիչներին արձանագրել և նախարարությանը ներկայացնել, թե ինչ խնդիրների են հանդիպում երեխաները մանկատնից տուն վերադառնալուց հետո ու ինչ ծառայությունների կարիք ունեն ընտանիքի անդամները։

Նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը նաև առաջարկեց հիմնադրամին գործընկեր կառույցների հետ միասին մշակել առաջարկությունների փաթեթ, թե ինչպես կարելի է օգտագործել արդեն իսկ վերակազմավորված հաստատությունների տարածքը կոնկրետ համայնքների համար։

Արսեն Մանուկյանը խոստացավ մարզային այցերի շրջանակում այցելել նաև հիմնադրամի՝ համայնքներում աշխատող մասնագետներին՝ տեղում ծանոթանալով աշխատանքային մոտեցումներին և ընթացիկ խնդիրներին։










Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան