10-07-2018
Նորություն

Հաստատվել է ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու նախագիծը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագիծը մշակվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի կիրարկումն ապահովելու նպատակով և ի կատարումն ՀՀ վարչապետի 2018 թվականի փետրվարի 27-ի N 181-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 6-րդ կետի:

Նախագծով կարգավորվում են ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի ձևավորման և գործառույթների իրականացմանն ուղղված հարաբերությունները: Առաջարկվում է Լիազոր մարմնին կից ստեղծել 25 անդամից բաղկացած խորհուրդ, որի կազմում հավասար թվով կընդգրկվեն հանրապետական գործադիր և իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների և օրենքով սահմանված հատուկ կառույցների՝ աջակցության կենտրոնների և ապաստարանների ներկայացուցիչներ: Խորհուրդը կգործի հասարակական հիմունքներով, կազմում կընդգրկվի նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ:

Իր գործունեության շրջանակում Խորհուրդը ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների, հանրության իրազեկման միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացնելու հնարավորություն կունենա:

Նախատեսվում է խորհրդի կազմում ձևավորել նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման հարցերով զբաղվող բազմամասնագիտական խումբ, որը կքննարկի և խորհրդի նախագահին կներկայացնի ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման առաջարկներ:

Խորհուրդն իր աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով կարող է ձևավորել աշխատանքային խմբեր, որոնց կազմում կարող են ընդգրկվել նաև խորհրդի անդամ չհանդիսացող այլ մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խորհուրդը կարող է դառնալ արդյունավետ մեխանիզմ, որը կաջակցի ոլորտում իրականացվող պետական քաղաքականության մշակման և դրա իրականացման գործընթացների համակարգմանը, կապահովի պետական մարմինների և քաղաքացիական հասարակության միջև կապն ու համագործակցությունը:

Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամuյա ժամկետում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ՀՀ կառավարությանը կներկայացնի «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ:







Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան