03-07-2018
Նորություն

Համագործակցություն հանուն երեխաների

Հուլիսի 3-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և նախարարի տեղակալ Արման Ուդումյանն ընդունեցին «Վորլդ վիժն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչներին։

«Վորլդ վիժն Հայաստան»-ի տնօրեն Ժիրայր Էդիլյանը ներկայացրեց կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, իրականացրած և ընթացիկ ծրագրերի շրջանակը, ինչպես նաև գերատեսչության տարբեր օղակների դերն այդ գործընթացներում։

Ժիրայր Էդիլյանը նշեց, որ բոլոր ծրագրերի հիմքում երեխայի շահերի պաշտպանությունն է ու առողջ զարգացման հնարավորության ապահովումը, սակայն այս նպատակներին հասնելու համար ծրագրերն ուղղված են ոչ միայն երեխաներին, այլև նրա միջավայրին՝ ընտանիքին, համայնքի տարբեր ինստիտուտներին ու մասնագիտական խմբերին։

«Վորլդ վիժն Հայաստան»-ի տնօրենը կարևորեց երեխաների և խոցելի ընտանիքների վերաբերյալ կազմակերպության հավաքագրած տվյալների և նախարարության կողմից հավաքագրված տվյալների համադրելիության խնդիրը։ Ոլորտին առնչվող պետական և ոչ պետական կառույցների միջև ոչ բավարար համագործակցությունը հաճախ ստեղծում է իրավիճակ, երբ նույն խնդրի լուծման համար այդ կառույցներն ընտրում են տարբեր թիրախներ և աշխատանքի տարբեր գործիքակազմ։

«Մեր գործունեության հիմքում հստակ նպատակներ են` երեխան պետք է ապրի ընտանիքում, իսկ համայնքը կարողանա առաջարկել այդ երեխաների բնականոն զարգացման համար անհրաժեշտ ծառայությունները: Ուրախ ենք, որ մենք նույն կերպ ենք մտածում խնդրի ուղղությամբ, սակայն այս նպատակի համար անհրաժեշտ է համաձայնեցնել նաև դրան հասնելու համատեղ օրակարգը»,- նշեց Ժիրայր Էդիլյանը։

Թանդիլյանը շեշտեց, որ Հայաստանը շարունակելու է շարժվել «Հայաստանն առանց մանկատների» կարգախոսով, սակայն ընթացիկ գործողությունները պետք է լինեն ամբողջական՝ ապահովելով մանկատնից դուրս եկող բոլոր փոքրիկների սոցիալական պաշտպանությունը։

«Մեր դիրքորոշումը հստակ է՝ երեխան պետք է մեծանա ընտանիքում, սակայն շատ կարևոր է, որ այս գործընթացի բոլոր փուլերը արվեն ճիշտ ձևով և ճիշտ ժամանակին։ Շուրջօրյա խնամքի կենտրոնների ապաինստիտուցիոնալացումը չպետք է լինի ինքնանպատակ։ Մենք չենք կարող հանել երեխային մանկատնից, եթե չունենք նրա ապագային առնչվող բոլոր հարցերի պատասխանները»,- նշեց Մանե Թանդիլյանը։

Նախարարը նշեց, որ արդյունքներ գրանցելու համար անհրաժեշտ է, որ պետության համար գերակա ոլորտներում իրականացվող բոլոր ծրագրերը լինեն փոխկապակցված, իսկ ոլորտում աշխատող ոչ պետական կառույցների փորձառությունն ու մասնագիտական ռեսուրսները օգտագործվեն հնարավորին չափով արդյունավետ։ Թանդիլյանը «Վորլդ վիժն Հայաստան»-ին առաջարկեց ներկայացնել նաև պետության հետ փոխգործակցության իրենց մոդելներն ու ընթացակարգը՝ համատեղ քննարկման ու արդյունավետ լուծումներ գտնելու համար։

Ժիրայր Էդիլյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսում են իրականացնել ոլորտի բարեփոխմանն ուղղված բազմամյա ծրագիր՝ առաջարկելով ծրագրի շրջանակում համագործակցությունը սկսել հենց մշակման ու գործիքակազմի հստակեցման փուլից։ Կողմերը պայմանավորվեցին առաջիկայում հանդիպել արդեն «Վորլդ վիժն Հայաստան»-ի կողմից մշակվող մոդելների քննարկման և կոնկրետ ծրագրերի համատեղ օրակարգը հստակեցնելու նպատակով։









Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան