20-11-2017
Նորություն

Մեր խնդիրն է ապախթանել նպաստ ստանալու մարդկանց ձգտումները. Արտեմ Ասատրյան

Մենք 2018 թ. պետբյուջեի 28 տոկոսը հատկացրել ենք սոցիալական պաշտպանությանը, գրեթե նույնը, ինչ նախորդ տարի: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով 2018 թ. բյուջեով նախատեսված սոցիալական ծախսերին: 

«Այսինքն՝ ծախսային առումով գրեթե փոփոխություն չի եղել, բայց մեր իրավիճակում գտնվող երկրների համար ավելի առաջնային խնդիրներ կան, ու առաջին հերթին դա վերաբերում է պաշտպանությանը: Այս պետական բյուջեում տնտեսական կայուն աճի համար նախադրյալներ ստեղծելու սկզբունքային վերաբերմունք է ամրագրվել: Իսկ այս առումով ընդհանրապես աշխարհի բոլոր երկրների փորձը ցույց է տալիս, որ պետությունն առաջին հերթին պետք է խրախուսի կապիտալ ներդրումներով համապատասխան տնտեսական աճ, լրացուցիչ եկամուտներ և եկամուտների հավաքագրմամբ սոցիալական ծախսերի ավելացում»,-ասել է նախարարը: 

Ըստ նրա՝ հատկանշական է, որ նախորդ տարիների՝ 2014-2015 թթ. պետական բյուջեների նախագծերում կենսաթոշակները, նպաստները 15-ական տոկոսով ավելացել են: Պետք է հաշվի առնել, որ կենսական թոշակի յուրաքանչյուր տարվա 15 տոկոս ավելացումը պետական բյուջեի վրա արժեցել է լրացուցիչ 25 մլն դրամի ծախս, բնականաբար, դա միանվագ, մեկ տարվա ծախս չէ, դա շարունակվում է կուտակվել մյուս տարիների համար: Կենսաթոշակի ամեն 1000 դրամով ավելացումը ենթադրում է լրացուցիչ 5 մլրդ դրամի ծախս: 

«Միշտ կարելի է քննարկել պետական բյուջեի ծախսերի արդյունավետությունը` արդյոք այս ծրագրի շրջանակում, որ որոշակի ավելացումներ տեղի ունենան, արդյունավետ կլինի՞, իսկ կենսաթոշակ դեռ չեն ավելացրել: Այս հարցադրումներն ու քննարկումները տրամաբանական են: Այս համեմատականները մենք պետք է դիտարկենք համադրելիության համատեքստում. որևէ ծրագրի մասին, որ ասում ենք` հատկացվել է պայմանական 10 մլն. դրամ և երբ համեմատում ենք բնակչության լայն շերտերին վերաբերող սոցիալական պաշտպանության ծրագրերում ավելացումներ չունենալու հետ, արդյո՞ք դրանք ընդհանրապես իրար հետ համադրելի են, թե ոչ»,-ասել է Արտեմ Ասատրյանը: 

Նրա գնահատմամբ՝ առաջնահերթությունները քաղաքացիների կյանքի որակն ու սոցիալական պայմաններն են: Ըստ նախարարի՝ եկամուտների ստեղծման գործընթացը երկրում և դրա հիման վրա ավելացումը պետք է լինի մեր առաջիկա զարգացմամբ տեսլականը: Ու այս շրջանակում ձևավորված պետական բյուջեն է ներկայացվել քննարկման: 

Անդրադառնալով նպաստառու ընտանիքների՝ արտագնա աշխատանքի մեկնած անդամների հաշվառմանը, սոցապ նախարարն ասել է. «Մենք անուղղակի մեթոդաբանությամբ գնահատում ենք ընտանիքների անապահովությունը, դա նշանակում է, որ յուրաքանչյուր ընտանիքի ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն ենք ստանում, որովհետև ուղղակի եկամուտների տեսանկյունից մեթոդաբանությունը չի գործում, քանի որ չունենք երկրում համատարած եկամուտների հայտարարագրման համակարգ: Եկամուտներն այնքան են կիրառելի լինում, որքանով դրանք տեսանելի են, օրինակ՝ ֆորմալ դաշտում զբաղված, աշխատանքային պայմանագրով աշխատող, աշխատավարձ ստացող, կենսաթոշակառու, որոնց եկամուտները թաքցնել հնարավոր չէ»: 

Արտեմ Ասատրյանի կարծիքով՝ այստեղ կա մի անարդարություն, քանի որ կան ոչ ֆորմալ դաշտում զբաղվածներ: Ըստ նրա՝ դրա մասին բոլորն են տեղյակ: Մարդը չի հասկանում, թե այդ ինչպես է, որ ինքն անապահով չէ, իսկ հարևանն անապահով է այն պարագայում, երբ հարևանն ունի եկամուտներ, բայց քանի որ դրանք ֆորմալ դաշտում չեն, չեն արձանագրվում և սոցապ ոլորտի տեսադաշտից դուրս են, և տվյալ քաղաքացին հայտնվում է անապահովների ցուցակում ու նպաստ է ստանում: 

«Որպեսզի խնդիրը լուծենք, իսկապես բարդ խնդիր է, մենք փորձում ենք հնարավոր լրացուցիչ տեղեկատվություն կիրառել: Օրինակ՝ անապահովության համակարգում ընդգրկված ընտանիքը մեքենա ունի, թե ոչ, ձեռնարկատեր է, թե ոչ, սահմանով ապրանք անցկացրել է, վճար կատարել է, թե ոչ: Այսպիսի տարբեր ֆիլտրեր կան, որ կիրառվում են: Այս աշխատանքը շարունակական է»,-ասել է նախարարը։ 

Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ իրենք նաև նկատել են նոր մոտեցում: Երբ անձն ասում է, թե իր ընտանիքի անդամը բացակայում է երկրից, բացակաների ինստիտուտ գոյություն ունի. մինչև օգոստոսի մեկը գործող կարգով կարող էին տվյալ անձի մասին տեղեկատվությունը հաշվի չառնել, բայց քանի որ շատ դեպքերում խնդիրներն առաջանում էին դրանով պայմանավորված, կարգի փոփոխությունը ենթադրում է, որ պետք է հայտարարի, թե իր ընտանիքի բացակա անդամն ինչու է բացակայում: 

«Դա չի ենթադրում, որ արտագնա աշխատանքի մեկնած մարդու ընտանիքը զրկվում է նպաստից: Դա ընդամենը ենթադրում է, որ քաղաքացին հայտարարում է, թե իր ընտանիքի անդամը, որ դրսում է աշխատում, որքան գումար է փոխանցում: Ընտանիքի անապահովության միավորի վրա բազմաթիվ գործոններ են ազդում, այդ թվում՝ եկամուտը: Միգուցե այդ եկամուտն ազդեցություն ունենա, միգուցե չունենա՝ կախված ընտանիքի կազմից: Անապահովության միավորը ձևավորվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խմբից ելնելով»,-պարզաբանել է նախարարը: 

Օրինակ՝ եթե տարեց թոշակառու, երեխա կամ հաշմանդամ կա ընտանիքում, այդ կատեգորիաների անձինք խնամքի կարիք ունեն և չեն կարող եկամտաստեղծ գործունեությամբ զբաղվել, այլ ընդհակառակը՝ պիտի խնամք ստանան: 

«Այդ առումով ամենակարևոր խնդիրը, որ փորձել ենք լուծել, երբ մարդ աշխատունակ տարիքում սոցիալական անապահովության համակարգում գրանցվել ու նպաստ է ստանում, մեր խնդիրն է ապախթանել նպաստ ստանալու նրա ձգտումները և ամեն գնով 30.01 միավոր ունենալը»,-ասել է Արտեմ Ասատրյանը:

Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2017/11/20/artem-asatryan/2543766



Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան