04-10-2016
Մամլո հաղորդագրություն,Նորություն

5 ՔԱՅԼ` ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետ գործունեության կարևոր նախապայման է տարբեր փուլերում մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը, իրենց խնայողությունների շարժի և դրանց կառավարման արդյունքների նկատմամբ հետևողականությունը, ըստ անհրաժեշտության` որոշակի գործողությունների ձեռնարկումը: Մասնակիցը, օրինակ, կարող է ցանկացած ժամանակ փոխել կենսաթոշակային ֆոնդը կամ կառավարչին`ավելի բարձր եկամուտներ ունենալու համար: 
  
Ահա 5 քայլ, որոնք ձեռնարկելու պարագայում Դուք, որպես կուտակային բաղադրիչի մասնակից, կարող եք առավելագույն օգուտ քաղել համակարգից և նպաստել Ձեր միջոցների արդյունավետ կառավարմանը: 
  
1. Ձեր կուտակային միջոցների նկատմամբ եղեք ուշադիր և հետևեք դրանց աճին: 

Յուրաքանչյուր ամիս հետևեք Ձեր կենսաթոշակային հաշվին և համոզվեք, որ գործատուն և պետությունը կատարել են Ձեր կուտակային հատկացումները: Որոշակի պարբերականությամբ ուսումնասիրեք, թե որքանով են ավելացել Ձեր միջոցները կառավարման արդյունքում: 

Եթե Դուք նոտար եք կամ անհատ ձեռներեց, ապա պետք է հիշեք, որ կուտակային հատկացումները կատարվում են տարեկան կտրվածքով: Ուստի, համոզվեք, որ յուրաքանչյուր տարի, նախքան ապրիլի 15-ը, Ձեր կենսաթոշակային հաշվին են փոխանցվում նախորդ տարվա համար կատարված հատկացումները: 
  
2. Ըստ Ձեր տարիքի և ռիսկի հակվածության` ընտրեք Ձեզ ամենահարմար ֆոնդերը: 

Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի տեսակները երեքն են` «Կայուն եկամտային», որը ցածր ռիսկային ֆոնդ է և ապահովում է ցածր եկամուտ, «Պահպանողական»` միջին ռսիկային և միջին եկամտաբերություն ապահովող ֆոնդ, և «Հավասարակշռված», որն ապահովում է բարձր երկամուտ և, միևնույն ժամանակ, ունի ռիսկայնության ավելի բարձր աստճան: 
  
Մասնագետները խորհուրդ են տալիս երիտասարդ տարիքում ընտրել ավելի բարձր ռիսկային պորտֆելներ, իսկ կենսաթոշակային տարիքին մոտենալուն զուգընթաց` միջոցները ուղղել նվազ ռիսկային ֆոնդեր: 

3. Ապակենտրոնացրեք Ձեր ներդրումները: 
  
Դուք կարող եք կուտակային միջոցներ ունենալ մի քանի ֆոնդերում: Որոշ ժամանակ կուտակելով որևէ ֆոնդում` կարելի է այդ միջոցները թողնել տվյալ ֆոնդում կառավարման, իսկ հետագա հատկացումներն ուղղել այլ ֆոնդի: Այսպիսով հնարավորություն կունենաք հետևել տարբեր ֆոնդերի կառավարման արդյունքներին և հետագայում կենսաթոշակային խնայողություններն ամբողջությամբ ուղղել այն ֆոնդին, որի եկամտաբերությունն ամենաբարձրն է: 

4. Հետևեք կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նորություններին և զարգացումներին: 

Տեղեկացված ես՝ ուրեմն զինված ես: 

5. Մշտապես ուսումնասիրեք կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների մասին տեղեկատվական աղբյուրները: 

Պարբերաբար ուսումնասիրեք կառավարիչների ինտերնետային կայքերը, որտեղ տեղադրվում են ֆինանսական հաշվետվությունները, յուրաքանչյուր ֆոնդի եկամտաբերության ցուցանիշները, աուդիտ իրականացնող մարմնի եզրակացությունը: 

Այս տեղեկությունները կարող են լինել մեծապես օգտակար` նպաստելով հնարավորինս ճիշտ կողմնորոշվելուն կենսաթոշակային ֆոնդի և կառավարչի ընտրության և փոփոխության հարցում:  












Հաճախ տրվող հարցեր
Իմ հաշիվը
Օրենսդրություն
Հաշվիչներ
Ֆոնդեր և կառավարիչներ
Ֆինանսական գիտելիք
Պետական կենսաթոշակ
Կուտակային կենսաթոշակ
Սոցիալական մեկ պատուհան