Իմ Հաշիվը

Անհրաժեշտ քայլեր


«Իմ հաշիվը» համակարգ մուտք գործելու, անհատական կենսաթոշակային հաշվին հետևելու, ինքնուրույն դիմումներ ներկայացնելու համար անհրաժեշտ է ձեռք բերել նույնականացման քարտ (ID քարտ), նույնականացման քարտը կարդացող սարք և ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն:

Նույնականացման քարտ

Նույնականացման քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել  Ոստիկանության ցանկացած տարածքային անձնագրային բաժանմունք՝ անկախ հաշվառման վայրից, կամ ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

Քարտը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

·          դիմում (նմուշը տրվում է անձնագրային բաժանմունքում),

·          անձնագիր (և անձնագրի պատճենը),

·          պետական տուրքի վճարման անդորրագիր (3000 ՀՀ դրամ), 

·    զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական  հաշվառման  փաստը  հավաստող տեղեկանք (զինապարտները)՝ պատճենով, 

· օրենքով նախատեսված դեպքերում՝ բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ (ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի և ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում)

Վճարումը կատարվում է՝

անձնագրային բաժանմունքում վճարային տերմինալի միջոցով, կամ որևէ բանկում՝ տարածքային անձնագրային բաժանմունքի կողմից տրամադրված հաշվեհամարին:

Նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Նույնականցման քարտի հետ միասին տրվում են PIN և PUK ծածկագրեր (փակ ծրարով):

Նույնականացման քարտ կարդացող սարք

Նույնականացման քարտ կարդացող սարքը ձեռք բերելու համար հարկավոր է դիմել «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը` 

·    ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական 900018216011 հատուկ հաշվին կատարված 3500 դրամ պետական տուրքի անդորրագիր (վճարումը կարելի է կատարել ցանկացած բանկում),

·          նույնականացման քարտի պատճենը

Եթե սարք ստանալու համար ներկայանում է լիազոր անձ, ապա նրա անձնագրի պատճենի առկայությունը պարտադիր է:

 

Էլեկտրոնային ստորագրության ակտիվացում

Նույնականացման քարտը պարունակում է էլեկտրոնային ստորագրության հավաստագիր, որն ակտիվացնելու համար հարկավոր է դիմել ԷԿԵՆԳ ՓԲԸ-ին 010 512 882 հեռախոսահամարով կամ այցելել www.ekeng.am կայք:

Նույնականացման քարտի էլեկտրոնային ստորագրության ակտիվացման համար կատարվում է տարեկան սպասարկման վճար՝ 3000 ՀՀ դրամ:

Առցանց վճարում - վճարումը կատարելու համար անհրաժեշտ է նախապես տեղադրել ստորագրող անձի նույնականացման քարտը քարտ կարդացող սարքում, այնուհետև վճարել Visa, MasterCard կամ վիրտուալ ArCA վճարային քարտերի միջոցով, որից հետո անհրաժեշտ է նույնականացման քարտով գրանցվել սպասարկման համակարգում (https.//www.ekeng.am/crm):

Ծառայությունն ակտիվանում է վճարումից և համակարգում գրանցվելուց 3-5 ժամ անց:

 Բանկային վճարում 

Վճարման կարևորագույն պայմանները՝

      ·     ԷԿԵՆԳ  ՓԲԸ,

      ·      ՀՎՀՀ ՝ 02707093

      ·     Բանկային հաշվեհամար՝ 1570004596000500,  Ամերիաբանկ ՓԲԸ

   ·  Վճարման Ձևաչափ - անդորրագրի «նպատակ» դաշտում պետք է նշվի հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ)  և անուն, ազգանուն:

Վճարումը կատարելուց 2 օր հետո անհրաժեշտ է նույնականացման քարտով գրանցվել սպասարկման համակարգում (https.//www.ekeng.am/crm):

Oտարերկրյա քաղաքացիներ

Անհրաժեշտ փաստաթղթերն են`

      ·    Կացության քարտ

      ·   Սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշի տեղեկանք

       ·    10 000 ՀՀ դրամ ծառայության տարեկան սպասարկման վճար:

Նույնականացման քարտը, քարտը կարդացող սարքը և էլեկտրոնային ստորագրությունը կիրառելու նպատակով անհրաժեշտ է ներբեռնել  և  համակարգչի վրա տեղադրել համապատասխան ծրագրերը:

Քարտը կարդացող սարքը ստանալիս Ձեզ կտրամադրվի ուղեցույց՝ պահանջվող բոլոր ծրագրերի տեղադրումը կատարելու կարգի վերաբերյալ:

Սարքի միացումը համակարգչին

Նույնականացման քարտ կարդացող սարքը համակարգչին միանում է USB ինտերֆեյսի միջոցով: Համակարգչի վրա պետք է առկա լինի USB – port, որին պետք է միացնել սարքը:

Քարտի տեղադրումը սարքի մեջ

Սարքը համակարգչին միացնելուց հետո քարտը պետք է տեղադրել սարքի մեջ այնպես, որ նույնականացման քարտի վրա առկա չիպը լինի վերևում: Եթե ճիշտ է տեղադրված քարտը, ապա քարտը կարդացող սարքի վրա կմիանա լուսային ազդանշանը:

Քարտի նույնականացումը համակարգչի կողմից

Քարտը համակարգչին միացված սարքի մեջ տեղադրելուց հետո անհրաժեշտ է ակտիվացնել նույնականցման քարտի PIN  ծածկագիրը, որից հետո էկրանի ներքևի աջ անկյունում կբացվի քարտատիրոջ անհատական տվյալները՝ անուն-ազգանունը և հանրային ծառայությունների համարանիշը արտացոլող պատուհան: 

Մուտք «Իմ հաշիվը» համակարգ

«Իմ հաշիվը» համակարգ այս պահին հնարավոր է մուտք գործել միայն Google Chrome և Internet Explorer ինտերնետ դիտարկիչների միջոցով: Ուստի, եթե Ձեր համակարգում նշված դիտարկիչները բացակայում են, ապա հաջորդ գործողություններն անելուց առաջ ներբեռնեք և ակտիվացրեք այդ ծրագրերից որևէ մեկը:

«Իմ հաշիվը» մուտք գործելու համար՝

         ·            այցելեք  www.epension.am կայք և սեղմեք «Իմ հաշիվը» կոճակը,

    ·    սեղմեք էկրանին հայտնված «Նույնականացման քարտ» կոճակը- այս կոճակը սեղմելուց հետո համակարգը վավերացման հարցում կուղարկի: Ընտրեք Ձեր անունը և սեղմեք «OK» կոճակը,

        ·          այնուհետև համակարգը էլեկտրոնային սոտրագրման հարցում կուղարկի: Անհրաժեշտ է լրացնել PIN ծածկագիրը և սեղմել «OK» կոճակը:

   ·    PIN ծածկագիրը հավաքելուց հետո մուտք եք գործում «Իմ հաշիվը» համակարգ:

Առաջին էջում Դուք կտեսնեք մուտք գործելու հնարավորություններ դեպի համակարգի տարբեր բաժիններ, որտեղ կարող եք լրացնել և փոփոխել Ձեր անհատական տվյալները, ընտրել կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ, ներկայացնել դիմումներ, հետևել Ձեր  անհատական  կենսաթոշակային հաշվի մնացորդին, կատարել այլ գործառնություններ:

 

Կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչի ընտրություն

«Իմ հաշիվը» համակարգում կենսաթոշակային ֆոնդ և կառավարիչ ընտրելու համար պետք է.

    ·     «Իմ դիմումները» բաժնից ընտրել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության» դիմումը:

Էկրանին կհայտնվի երկու դաշտեր պարունակող պատուհան՝ «Ընտրված կենաթոշակային ֆոնդի կառավարիչ» և «Ընտրված կենսաթոշակային ֆոնդ»:

Առաջին դաշտում ընտրություն կատարելու պարագայում համակարգը ավտոմատ ներկայացնում է երկու կառավարիչների առաջարկած պահպանողական ֆոնդերը, ուստի եթե չեք ցանկանում ընտրել պահպանողական ֆոնդ, ապա բաց թողեք առաջին դաշտը և միանգամից անցեք երկրորդին, որտեղ ֆոնդերի անվանումները պարունակում են նաև կառավարչի անունը: 

 · «Ընտրված  կենսաթոշակային ֆոնդ»  դաշտում  համակարգը  ձեզ  կառաջարկի կենսաթոշակային ֆոնդի երեք տարբերակ՝ «Կայուն Եկամտային», «Պահպանողական», «Հավասարակաշռված», որոնցից մեկը կարող եք ընտրել:

Կարող եք ընտրություն չկատարել «Ընտրված կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ» դաշտում և միանգամից ընտրել երկրորդ դաշտից: Այս դեպքում համակարգը Ձեզ կառաջարկի 6 տարբերակ և կարող եք ընտրել ֆոնդի երկու կառավարիչների առաջարկած երեքական ֆոնդերից մեկը:

         ·        Ընտրություն կատարելուց հետո պետք է սեղմել «պահպանել» կոճակը և  դիմումը ևս մեկ անգամ ստուգելուց հետո սեղմել «ընդունել» կոճակը:

Հիշեք՝ 2015թ-ից սկսած դուք կարող եք ցանկացած ժամանակ փոխել կենսաթոշակային ֆոնդի կառավարչին և կենսաթոշակային ֆոնդը:

Կենսաթոշակային ֆոնդը փոխելը կատարվում է անվճար, իսկ կառավարիչին փոխելը տարեկան մեկ անգամ կատարվում է անվճար, երկրորդ և հաջորդ անգամ՝ փայերի մարման արժեքի չափով վճարի դիմաց:

Անհատական կենսաթոշակային հաշվից օգտվելու քայլ առ քայլ ուղեցույց`