Ինչպես են կուտակային կենսաթոշակային միջոցներով ներդրումները ապահովում եկամուտներ

Մինչ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր ապագա կենսաթոշակը, այդ միջոցները, կառավարվելով, նրանց համար ապահովում են լրացուցիչ եկամուտներ: 

Կուտակային կենսաթոշակային ակտիվների կառավարումը իրականացնում են միջազգային բարձր հեղինակություն ունեցող երկու ակտիվների կառավարիչները` Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթը և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը: 

Կառավարիչները կուտակային կենսաթոշակային միջոցներով կատարում են ներդրումներ տարբեր ֆինանսական գործիքներում, ինչպիսիք են` 
- Պետական պարտատոմսերը, 
- Ավանդները, 
- Բաժնետոմսերը: 

Օրենքով արգելված է կենսաթոշակային ակտիվների ներդրումը ոչ ֆինանսական ակտիվներում, ինչպիսիք են անշարժ գույքը, թանկարժեք մետաղները և այլն, ինչի շնորհիվ գումարները անհամեմատ ավելի ապահով են: 

Ձեր կենսաթոշակային խնայողություններին ավելացած եկամտի չափը կարող է տարբերվել այլ մասնակիցների կուտակային հատկացումների կառավարման արդյունքից` կախված նրանից, թե որ ֆոնդում եք կուտակում Ձեր միջոցները: 

Գոյություն ունեն երեք տիպի կենսաթոշակային ֆոնդեր, որոնցից որևէ մեկը ընտրելով` Դուք ընտրում եք Ձեր միջոցների կառավարման քաղաքականությունը, հետևաբար նաև` եկամտաբերության մակարդակը: 

Ֆոնդերը տարբերբում են ըստ ռիսկայնության և եկամտաբերության: 

Կայուն եկամտային ֆոնդը ընտելով` Դուք ընտրում եք ցածր, սակայն կայուն եկամուտ Ձեր միջոցների համար: Այս ֆոնդը ռիսկեր չի պարունակում, սակայն եկամուտը ցածր է: Միջոցներն ամբողջությամբ` 100 %-ով, ներդրվում են պետական պարտատոմսերում և ավանդներում: 

Պահպանողական ֆոնդը միջին ռիսկայնության ֆոնդ է, սակայն ավելի եկամտաբեր, քան կայուն եկամտային ֆոնդը: Այս ֆոնդի միջոցների մինչև 25 %-ը կարող է ներդրվել ռիսկային ֆինանսական գործիքներում, ինչպիսիք են բաժնետոմսերը: 

Հավասարակշռված ֆոնդը նախատեսված է ավելի բարձր ռիսկի հակված մասնակիցների համար: Ֆոնդի եկամտաբերությունը բարձր է, համեմատաբար ավելի բարձր են նաև ռիսկերը: Ֆոնդի միջոցների մինչև 50 %-ը թույլատրված է ներդնել ռիսկային գործիքներում: 

Մասնակիցների կուտակային միջոցներով ներդրումներ կարող են կատարվել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով: 

Կարևոր է հիշել, որ կառավարիչները պարտավոր են պարտադիր կենսաթոշակային ակտիվների առնվազն 60 տոկոսը ներդնել ՀՀ դրամով: 

Բացի արժութային սահմանափակումից` գոյություն ունի նաև կուտակային կենսաթոշակային միջոցներով ներդրումների աշխարհագրական սահմանափակում: 

Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին թույլատրված է այլ երկրներում ներդրումներ կատարելիս միջոցները ներդրնել միայն Տնտեսական Համագործակցության և Զագրացման Կազմակերպության` ՏՀԶԿ (OECD) անդամ պետություններում, որոնց տնտեսությունները համարվում են նմանատիպ ներդրումների համար առավել ապահով: