Մասնակիցների կողմից ներկայացվող դիմումները

    Դուք, որպես կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակից, Ձեր կենսաթոշակային հաշվում գործառնությունների իրականացման համար լրացնում եք հետևյալ դիմումները՝

1.Անձնական տվյալները փոփոխելու դիմում

2.Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմում

3.Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու դիմում


4.Կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման մասին դիմում

5.Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու դիմում

6.Մասնակցի միջոցներն օտարերկրյա պետությունում գործող կուտակային կենսաթոշակային հաշվին փոխանցելու դիմում

7.Կենսաթոշակի տեսակ ընտրելու դիմում

8.Ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերի ստացման դիմում

9.Կենսաթոշակային հաշվով գործառնությունների մասին տեղեկանք ստանալու դիմում

10.Կենսաթոշակային հաշվի մնացորդի վերաբերյալ հաշվետվություն ստանալու դիմում

11.Կենսաթոշակի տեսակ ընտրելու համար կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկություններ ստանալու դիմում

12.Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվելու/ընդունելու դիմում

13.Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին հարկային մարմին ներկայացնելու դիմում:

     1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ,  9-րդ, 10-րդ, 11-րդ, և 12-րդ ենթակետերով սահմանված դիմումները Դուք կարող եք ներկայացնել Հաշվի օպերատորի և/կամ «Իմ հաշիվը» հավելվածի միջոցով:


    5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ ենթակետերով սահմանված դիմումները Դուք կարող եք ներկայացնել բացառապես Հաշվի օպերատորի միջոցով:

   13-րդ դիմումը որպես վարձու աշխատող ներկայացնում եք գործատուի միջոցով, իսկ եթե Դուք անհատ ձեռնարկատեր, նոտար, հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատող կամ ինքնազբաղված անձ եք, ապա դիմումը հարկային մարմին ներկայացնում եք ինքնուրույն` էլեկտրոնային եղանակով:

   Եթե Դուք դիմումը ներկայացնում եք էլեկտրոնային եղանակով «Իմ հաշիվը» հավելվածի միջոցով, ապա մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգը հնարավորություն է ընձեռում էլեկտրոնային դիմումը վերարտադրել թղթային տեսքով` հաշվի առնելով էլեկտրոնային դիմումի առանձնահատկությունները:

   Մասնակիցների ռեեստրը վարողին դիմումը հաշվի օպերատորի միջնորդությամբ ներկայացնելու համար (անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և հանրային ծառայության համարանիշ (կամ դրա չունենալու մասին տեղեկանք)) կամ միայն նույնականացման քարտ) Դուք լրացնում եք թղթային դիմումը: Հաշվի օպերատորը թղթային դիմումում լրացված տվյալների հիման վրա լրացնում է էլեկտրոնային դիմումը:
    Այնուհետև լրացված էլեկտրոնային դիմումը տպվում է երկու օրինակից և տրամադրվում է Ձեզ: Եթե Դուք համաձայն եք լրացված էլեկտրոնային դիմումների հետ, ապա ստորագրում եք դրանք:
   Տպված դիմումները Ձեր կողմից ստորագրվելուց հետո Հաշվի օպերատորը մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգ է մուտքագրում լրացված էլեկտրոնային դիմումը:
   Ձեր կողմից ստորագրված դիմումներից մեկ օրինակը տրամադրվում է Ձեզ, իսկ մյուսը` Ձեր անձը հաստատող փաստաթղթի պատճենի, իսկ լիազորված անձի կողմից դիմումը ներկայացնելու դեպքում նաև լիազորված լինելու փաստը հավաստող պատշաճ ձևով կազմված լիազորագրի պատճենի հետ հաշվի օպերատորը կարող է արխիվացնել:
Մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգը մերժում է որևէ դիմումի ընդունումը, եթե դիմումը լրացվել է թերի կամ սխալ կամ հակասում է Օրենքին կամ այլ իրավական ակտերի:

   Բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարումը (Ձեր կենսաթոշակային հաշվի բացումը, տվյալների մուտքագրումը այդ հաշիվ, Ձեր կողմից ներկայացված դիմումների հիման վրա տվյալների փոփոխումը) իրականացնում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն: