Հարց 112. Ովքե՞ր կարող են մասնակցել կամավոր կենսաթոշակային բաղադրիչին:

Կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակից կարող է լինել ցանկացած անձ` անկախ տարիքից և անկախ այն հանգամանքից, որ նա պարտադիր կուտակային և բաշխողական կենսաթոշակային բաղադրիչի մասնակից է, թե ոչ:

Կամավոր կենսաթոշակային բաղադրիչն, ընդունված է անվանել կեն­սա­թոշակային համակարգի 3-րդ բաղադրիչ: Կատարելով կամավոր կուտա­կային վճարներ, անձը ձեռք է բերում լրացուցիչ կենսաթոշակ ստանալու իրավունք: Անձի օգտին կամավոր կուտակային վճար կարող են կատարել նաև գործատուները` այդ նպատակով միանալով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի որևէ կենսաթոշակային սխեմայի: Կամավոր կուտակային վճա­րի չափը կսահմանվի կողմերի` կամավոր կուտակային վճար կատարողի և կամավոր կուտակային սխեմա առաջարկող ֆինան­սական կազմակեր­պու­թյան, փոխադարձ համաձայնությամբ:

Հարց 113. Ի՞նչ է կամավոր կուտակային կենսաթոշակային սխեման և ու՞մ պետք է դիմել այն ձեռք բերելու համար:

 Կամավոր կուտակային կենսաթոշակային սխեման, ըստ էության, պայմանագիր է մի կողմից` անձի (իր կամ այլ անձի օգտին) կամ գործատուի (իր աշխատողի) և մյուս կողմից` կամավոր կուտակային կենսաթոշակային ծառայություններ մատուցողի միջև, որոշակի պայմաններով կամավոր կուտակային վճարումներ կատարելու, կամավոր կենսաթոշակ կուտակելու և վճարելու վերաբերյալ: Կամավոր կենսաթոշակային ծառայություններ կա­րող են մատուցել ապահովագրական ընկերությունները, բանկերը և կա­մա­վոր կենսաթոշակային ֆոնդերը: Ապահովագրական ընկերությունները կա­րող են առաջարկել միայն «սահմանված կենսաթոշակներ» սխեմաներ, բան­կերը` «կուտակային կենսաթոշակային ավանդներ», իսկ կամավոր կենսա­թոշակային ֆոնդերը` «սահմանված կենսաթոշակային վճարներ» սխե­մաներ:

Հարց 114. Անձն արդյոք կօգտվի՞ հարկային արտոնություններից, եթե մասնակցի կամավոր կենսաթոշակային բաղադրիչին:

Կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցելու դեպքում, անձն օգտվում է եկամտային հարկի արտոնություններից: Մասնավորապես, անձի եկամտային հարկով հարկման ենթակա եկամուտը նվազեցվում է մինչև 5 տոկոսի չափով: Օրինակ, եթե անձի ամսական բազային եկամուտը կազմել է 100 000 դրամ և նա կատարել է 5000 դրամ կամավոր կուտակային վճար, ապա նրա եկամտային հարկը կհաշվարկվի 95 000 դրամից:

Իսկ գործատուներն իրավունք ունեն նվազեցում կատարել շահութահարկի բազայից, եթե կամավոր կուտակային վճարներ կատարեն իրենց աշխատողների օգտին: Գործատուի հարկվող շահույթը որոշելիս, համախառն եկամուտը նվազեցվում է գործատուի յուրաքանչյուր վարձու աշխատողի համար գործատուի կատարած կամավոր կուտակային կենսա­թո­շակային վճարումների 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության և դրան հավա­սարեցված այլ վճարումների 2,5 տոկոսի չափով:

Գործատուն շահութահարկ չի վճարի վարձու աշխատողի օգտին կատարված կամավոր կու­տա­կային վճարների` տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վար­ձա­տրու­թյան և դրան հավասարեցված այլ վճարումների, 7.5 տոկոսը չգերա­զանցող մասի համար:

Հարց 115. Կարո՞ղ է արդյոք կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցն` իր ցանկությամբ, դուրս գալ կամավոր կենսաթոշակային բաղադրիչից:

Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, մասնակիցն իրա­վունք ունի ցանկացած ժամանակ ներկայացնելու իր կուտակած միջոցները (նվազեցված ապահովագրության պայմանագրի կնքման և կատարման ծախսերը) միանվագ վճարելու պահանջ, եթե տվյալ մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին, բանկին կամ ապահովա­գրական ընկերությանն առաջին կուտակային վճարի կատարման, ավանդի ներդրման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ կամավոր կենսա­թոշակային սխեման ձեռք է բերել գործատուն:

Այս դեպքում, հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափով.

·         եթե կուտակած միջոցները կազմում են մինչև 120000 դրամ` 24.4 տոկոս,

·         եթե կուտակած միջոցները կազմում են 120 000-2 000 000 դրամ` 29280 դրամին գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոս,

·         եթե կուտակած միջոցները կազմում են 2 000 000 դրամից ավելի` 518080 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը:

Հարց 116. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը կարո՞ղ է արդյոք զբաղվել կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ:

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը` «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կենսաթոշակային ֆոնդի կառավարման իրավունք ունեցող իրավաբանական անձ է։

Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների պետական գրանցումն ու լիցենզավորումն իրականացնում է Կենտրոնական բանկը` «Ներդրու­մային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Նշված օրենքով կենսա­թոշակային ֆոնդերի նկատմամբ սահմանվում են որոշակի պա­հանջներ և սահմանափակումներ։

Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի և կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին ներկայացվող պահանջներն ու սահմանափակումները տարբեր են։ Այդ իսկ պատճառով կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ունեցող կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը չի կարող զբաղվել կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ։

Կուտակային կենսաթոշակային հատկացումների պարտադիր դրույքաչափը սահմանված է բազային աշխատավարձի 10%։ 10%-ից ավելի կուտակել ցանկացողները դա կարող են անել կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի, ապահովագրական ընկերու­թյունների կամ բանկերի միջոցով, համաձայն` «Կուտակային կենսա­թոշակ­ների մասին» ՀՀ օրենքի հոդվածներ 66, 67 և 68-ի։

1