Հարց 89. Ո՞ր դեպքերում կարելի է մինչև 63 տարին լրանալը ստանալ կուտակային միջոցները:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով նախա­տեսված է 3 դեպք, երբ հնարավոր է նախքան 63 տարեկանը լրանալը միանվագ և ամբողջությամբ ստանալ կուտակային միջոցները: Դրանք են`

1) մասնակիցն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.

2) մասնակիցն առողջական ծայրահեղ ծանր վիճակում է և հիվանդ է կենսական կարևոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որը հավաստվում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությամբ.

3) ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր:

Վերը նշված 3-րդ կետով նախատեսված հիմքով, մինչև կենսաթոշակային տարիքը մասնակցի պարտադիր կենսաթոշա­կային ֆոնդի փայերը մարվելու դեպքում, առաջացած միջոցները փոխանցվում են համապատասխան օտարերկրյա պետությունում նրա անդամակցած կու­տա­կային կենսաթոշակային համա­կարգին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

Եթե համապատասխան օտարերկրյա պետությունում անձը չի մասնակցում կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա նա իր միջոցները կարող է ստանալ բացառապես 63 տարեկանը լրանալուց հետո:

Հարց 90. Ի՞նչ կլինի անձի պարտադիր կուտակային խնայողությունների հետ աշխատանքը կորցնելու դեպքում:

Աշխատանքը կորցնելու և այլևս եկամուտներ չունենալու դեպքում, անձի պարտադիր կուտակային միջոցները կմնան անձի անհատական կենսաթոշակային հաշվին և կշարունակեն կառավարվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից: Աշխատանք չունենալու ամբողջ ժամանակա­հատ­վածում անձի անհատական կենսաթոշակային հաշվին նպատակային սոցիալական վճարները չեն կատարվի և կենսաթոշակային հաշվի ավելաց­ման միակ աղբյուրը կլինի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի կառավարումից ստացված եկամուտները: Նորից աշխատանքի անցնելու դեպքում նպատակային սոցիալական վճարները կրկին կսկսեն մուտքագրվել անձի անհատական կենսաթոշա­կային հաշվին ու դրանց հաշվին ձեռք կբերվեն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի նոր փայեր:

Հարց 91. Անձը` մինչև կենսաթոշակային տարիքը, կորցրել է աշխատանքը, արդյոք, նա իրավունք ունի՞ ստանալ իր կուտակային կենսաթոշակը` մինչև 63 տարեկան դառնալը:

Աշխատանքը կորցնելը բավարար իրավական հիմք չէ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կուտակային կենսաթոշակը ստանալու համար: Մասնակիցը  մինչև  63 տարին լրանալը  կարող է ստանալ իր կուտակային միջոցները  հետևյալ դեպքերում՝

   1) օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ

    2)  առողջական ծայրահեղ ծանր վիճակում է և հիվանդ է կենսական կարևոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որը հավաստվում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությամբ.

        3)   ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մասնակից է և  վերադառնում է իր մշտական բնակության երկիր:

        Օրենքը նախատեսում է կուտակային միջոցների` մինչև 63 տարեկանը ստանալու ևս մեկ դեպք՝

       Եթե լրացել է մասնակցի 55 տարին և նրա կենսաթոշակային հաշվում առկա ֆոնդի փայերի հաշվարկային արժեքը այնքան  է, ,որ բավարարում է հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով ցմահ անուիտետ գնելու համար, ապա նա կարող է ստանալ իր կուտակած միջոցները 55 տարեկանից՝ կենսաթոշակային փայերի մի մասի մարմամբ կնքելով հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով անուիտետ, իսկ մնացած մասը ստանալ իր նախընտրած տարբերակով: Սա կոչվում է վաղաժամ կուտակային կենսաթոշակի իրավունք:

Հարց 92. Անձի կենսաթոշակային տարիքը լրացել է, սակայն նա շարունակում է աշխատել և չի ստանում իր կուտակային կենսաթոշակը, արդյոք նա պարտավո՞ր է կատարել նպատակային սոցիալական վճարներ:

Նպատակային սոցիալական վճար կատարելու պարտավորությունը պահպանվում է մինչև անձի կենսաթոշակային տարիքը (63 տարին) լրանալը:

63 տարեկանը լրանալուց հետո, մասնակիցը` նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու համար, պետք է հարկային մարմին ներկայացնի համապատասխան դիմում: Նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու դիմումը հարկային մարմին է ներկայացվում գործատուի միջոցով:

Մասնակցի կողմից նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցվում է (անկախ մասնակցի ցանկությունից), եթե մասնակիցը ներկայացնում է դիմում կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ:

Եթե մասնակիցը չի ներկայացնում նպատակային սոցիալական վճար կատարելը դադարեցնելու դիմում կամ կուտակային կենսաթոշակ ստանա­լու դիմում, ապա, կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո, նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը սահմանվում է բազային եկամտի 5 %-ի չափով, իսկ մաս­նակցի համար (օգտին) պետական բյուջեից կուտակային վճարումներ չեն կատարվում:

Հարց 93. Ինչպե՞ս և ում կողմից կարող են տնօրինվել անձի կուտակային միջոցները, եթե նա մահանում է մինչև 63 տարին լրանալը:

Մինչև կենսաթոշակային տարիքը` 63 տարին լրանալն, անձի մահ­վան դեպքում պարտադիր կուտակային միջոցները ժառանգության կարգով փոխանցվում են անձի ժառանգներին:

Վերջինների ընտրությամբ` մասնակցի կենսաթոշակային միջոցները կարող են փոխանցվել նրանց կենսաթոշակային հաշիվներին կամ, դիմումի համաձայն, ամբողջությամբ վճարվել միանվագ վճարի տեսքով:

Եթե ժառանգը կուտակային բաղադրիչի մասնակից չէ և չունի մասնակիցների ռեեստրում բացված անհատական կենսաթոշա­կային հաշիվ, ապա նրա համար կբացվի անհատական հաշիվ, որի վրա էլ կմուտքագրվեն ժառանգված կուտակային կենսաթոշակային միջոցները:

Հարց 94. Ինչպե՞ս և ում կողմից կարող են տնօրինվել անձի պարտադիր կուտակային միջոցները, եթե նա մահանում է մինչև 63 տարին լրանալը և չունի ժառանգներ:

Անձի` մինչև 63 տարին լրանալը, մահվան դեպքում կուտակային միջոցները կմնան պարտադիր կենսաթոշակային ֆոնդում և 3 տարի կկառա­վարվեն ֆոնդի կառավարչի կողմից: 3 տարվա ընթացքում ժառանգ­ներ ի հայտ չգալու և փայերը չժառանգելու դեպքում, կուտակային միջոց­ները` սահման­ված կարգով, կճանաչվեն անժառանգ և կփոխանցվեն ՀՀ պե­տական բյուջե:

Հարց 95. Հնարավո՞ր է արդյոք կենսաթոշակային խնայողությունները նախապես ժառանգել (կտակել) մի քանի ժառանգների միջև , այսինքն` բաշխել ամբողջ գումարը մի քանի հոգու միջև:

Քանի որ կենսաթոշակային խնայողությունները համարվում են անձի անձնական սեփականությունը, ապա մասնակիցն իրավունք ունի կտակել դրանք իր հայեցողությամբ: Այստեղ գործելու են ժառանգության և կտակի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կանոնները:

Հարց 96. Եթե անձի ժառանգը օտարերկրյա քաղաքացի է, ինչպե՞ս է նա ստանալու գումարը:

Եթե ժառանգը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի և չունի մաս­նակիցների ռեեստրը վարողի մոտ բացված կենսաթոշակային հաշիվ, ապա նրա համար մասնակիցների ռեեստրում կբացվի կենսաթոշակային հաշիվ, որին էլ կփոխանցվեն ժառանգին հասանելիք կենսաթոշակային միջոցները, որը նա կարող է օգտագործել միայն 63 տարեկանից հետո: Այնուհետև, եթե օտարերկրացի ժառանգն ունի անհատական կենսաթոշա­կային հաշիվ իր բնակության վայրում, ապա կարող է իր հաշվին առկա գումարը` «Կուտա­կային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, միա­նվագ փոխանցել իր բնակության վայրի անհատական կենսաթոշակային հաշվին:

 

Հարց 97. Ինչպե՞ս է ժառանգը ստանալու գումարը, եթե ունի երկքաղաքացիություն:

Երկքաղաքացիության հանգամանքը որևէ կերպ չի սահմանա­փակում անձի իրավունքները կուտակային բաղադրիչում: Եթե երկքաղաքացիություն ունեցող անձը բազային եկամուտ է ստանում Հայաստանում, ապա նա պարտավոր է կատարել նպատակային սոցիալական վճարներ: Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, նա կարող է միանվագ ստանալ իր խնայողությունները, եթե հրաժարվի ՀՀ քաղաքա­ցիու­թյունից և մշտական բնակության նպատակով մեկնի Հայաստանից

Հարց 98. Ի՞նչ է լինում, եթե ժառանգություն ստացող անձը զինծառայող է։

Նախ նշենք, որ կուտակային կենսաթոշակային ակտիվների ժա­ռանգման հետ կապված հարաբերությունները` ինչպես այդ ակտիվների կուտակման, այնպես էլ դրանց կենսաթոշակի վերածելու փուլում, կար­գա­վորվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով և ՀՀ քա­ղաքացիական օրենսգրքով։

Պարտադիր բաղադրիչի մասնակցի` կենսաթոշակային ակտիվ­ների կուտակման փուլում, մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշ­վում առկա կենսաթոշակային ակտիվները փոխանցվում են ժառանգի կուտակային կենսաթոշակային հաշվին (բացառությամբ, եթե ժառանգը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի և չունի մասնակիցների ռեեստրը վարողի մոտ բացված կենսաթոշակային հաշիվ)։ Ժառանգը կենսաթոշա­կային այդ ակտիվների` միայն հիմնական կենսաթոշակի քսանհինգապա­տիկ չափը, կարող է ստանալ կանխիկ։

Եթե ժառանգը չի հանդիսանում կուտակային բաղադրիչի մասնակից, ինչպիսին է զինծառայող հանդիսացող անձը, ապա մաս­նակիցների ռեեստր վարողը (ՀԿԴ-ն) պարտավոր է նրա համար բա­ցել կենսաթոշակային հաշիվ և ժառանգված կենսաթոշակային ֆոնդի փայերը համապատասխան չափով փոխանցել այդ կենսաթոշակային հաշ­վին` անկախ ժառանգի տարիքից: Այդ պահից սկսած, ժառանգը ձեռք է բե­րում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակցի համար «Կու­տա­կային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված բոլոր իրա­վունք­ները և կրում է այդ օրենքով սահմանված բոլոր պարտականությունները, բացառու­թյամբ` նպատակային սոցիալական վճարներ կատարելու պար­տա­կա­­նությունը:

Եթե պարտադիր մասնակիցը մահացել է կուտակային կենսաթոշակային խնայողությունների վճարման, այն է` կեն­սա­թոշակի տեսքով ստանալու փուլում, ապա ժառանգման ենթա­կա կեն­սաթոշակը ժառանգներին փոխանցվում է օրենքով սահմանված կարգով:

Հարց 99. Անձը հաշմանդամ է դարձել նախքան 63 տարին լրանալը, արդյոք նա իրավունք ունի՞ ստանալ իր կուտակային կենսաթոշակը:

Եթե անձն ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, ապա նա իրավունք ունի իր կուտակային միջոցներն ստանալ միանվագ վճարի տեսքով` նախքան 63 տարին լրանալը:

Իհարկե, վերը նշվածը չի նշանակում, որ անձը չի ունենալու պետական կենսաթոշակային բաշխողական բաղադրիչից հաշմանդա­մու­թյան կենսաթոշակ ստանալու իրավունք: Սահմանված կարգով հաշմանդամ ճա­նաչվելու դեպքում անձը պետական կենսաթոշակային բաղադրիչից կստանա իրեն նշանակված հաշմանդամության կենսաթոշակը:

 

Հարց 100. Իրավունք ունի՞, արդյոք, անձը` նախքան 63 տարին լրանալը, միանվագ կարգով ստանալ իր պարտադիր կուտակային միջոցները:

Որոշակի բացառիկ հիմքերի առկայության դեպքում, անձն իրա­վունք կունենա նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը ստանալ իր կուտակային կենսաթոշակային միջոցները (տես ՝ հարց 89):

Հարց 101. Ի՞նչ իրավունքներ ունեն ամուսինները` մեկը մյուսի պարտադիր կուտակային միջոցների (կենսաթոշակային ֆոնդի փայերի) նկատմամբ, ամուսնալուծության դեպքում:

Ամուսինների կուտակային կենսաթոշակային միջոցները (կենսա­թոշա­կային ֆոնդի փայերը) համարվում են նրանցից յուրաքանչյուրի անձնական սեփականությունը, այսինքն` դրանց նկատմամբ չի տարածվում ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված սեփականության ռեժիմը: Ամուսնալուծության դեպքում ամուսիններից որևէ մեկը չի կարող հավակնություններ ունենալ ամուսնու պարտադիր կուտակային միջոցների նկատմամբ:

Հարց 102. Մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը, կարո՞ղ է արդյոք անձի գույքային պարտավորությունների համար դատական կարգով բռնագանձում տարածվել պարտադիր կուտակային միջոցների (կենսաթոշակային ֆոնդի փայերի) վրա:

Ոչ: Մինչև անձի 63 տարին լրանալն անձի գույքային պարտա­վորու­թյունների համար պարտադիր կուտակային միջոցների նկատմամբ բռնագանձում տարածվել չի կարող: Այսինքն, եթե անձն ունի գույքային պարտավորություններ` բանկի կամ որևէ այլ անձի հանդեպ և չունի բավարար գույք իր պարտավորությունները կատարելու համար, ապա միևնույն է` նրա պարտադիր կուտակային միջոցների վրա բռնագանձում չի կարող տարածվել:

Անձի գույքային պարտավորությունների համար դատական կար­գով բռնագանձում կարող է տարածվել կուտակային կենսաթոշակի վրա` 63 տարեկան դառնալուց հետո, կուտակային կենսա­թոշակը ստանալու փուլում

Հարց 103. Իրավունք ունի՞ անձը` 63 տարին լրանալու դեպքում ստանալ միայն պետական կենսաթոշակ և անորոշ ժամանակով հետաձգել կուտակային կենսաթոշակի ստացումը:

Այո: 63 տարին լրանալու դեպքում անձը կարող է ստանալ իր պետական կենսաթոշակը և անորոշ ժամանակով հետաձգել կուտակային կենսաթոշակի ստացումը: Անձի մահվան դեպքում, չստացված կուտակային կենսաթոշակային միջոցները կժառանգվեն սահմանված կարգով:

1