Հարց 43. Ի՞նչ է պարտադիր կենսաթոշակային ֆոնդը:

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդն իրենից ներկայացնում է անձանց կողմից կատարված վճարների և դրանց ներդրման հաշվին ձևա­վոր­ված ակտիվների ամբողջություն: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի դեպքում անձինք իրենց դրամական միջոցները (նպատակային սոցիալական վճարները) տրամադրում են պրոֆեսիոնալ կառավարչին, որը նշված միջոց­ները միավորում և կառա­վարում է որպես մեկ միասնական պորտֆել: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների, դրանցից ստացված եկա­մուտների նկատմամբ յուրաքանչյուր մասնակցի իրավունքը հավաստ­վում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայով:

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդն ունի իր գործունեության կանոնները, որոնք սահմանում են, թե ինչպես է կառավարվելու տվյալ ֆոնդը, որտեղ են ներդրվելու ֆոնդի միջոցները, ինչպես են գնահատվելու ֆոնդի ակտիվները, ինչպիսի վճարներ են գանձվելու, դրանց չափերն ու հաշվարկման կարգը և այլ էական պայմաններ: Ֆոնդի կանոնները սահմանում է այդ ֆոնդի կառավարիչը, որոնք գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից և հրապարակվում են:

Մասնակիցներին պարտադիր կենսաթոշակային ֆոնդից վճարում­ները կա­տար­վում են (վերադարձվում են ֆոնդի ակտիվներում մասնակցի փային հա­մա­պատասխանող դրամական միջոցները) կենսաթոշակի ձևով` մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո:

Հարց 44. Կառավարիչներն ինչպիսի՞ պարտադիր կենսաթոշակային ֆոնդեր են առաջարկում նպատակային սոցիալական վճարների ներդրման համար:

Կառավարիչներից յուրաքանչյուրն առաջարկում է պարտադիր կեն­սաթոշակային ֆոնդերի երեք տեսակ` կայուն եկամտային, պահպանո­ղական և հավասարակշռված:

Կայուն եկամտային ֆոնդը համեմատաբար ցածր ռիսկային է և ապահովում է կայուն, ոչ բարձր եկամուտ:  Ֆոնդի միջոցներն ամբողջու­թյամբ` 100%-ով, ներդրվում են կայուն եկամուտ ապահովող և ցածր ռիս­կային ֆինանսական գործիքներում (օրինակ` ավանդ, պարտատոմս և այլն): Այս ֆոնդերը նախընտրելի են այն մասնակիցների համար, ովքեր հակված չեն ռիսկի և գերադասում են ստանալ թեկուզ ոչբարձր, բայց կայուն եկա­մուտ:

Պահպանողական ֆոնդը միջին ռիսկային է և կարող է ապահովել համեմատաբար բարձր եկամուտ: Ֆոնդի միջոցները, բացի կայուն եկամուտ ապահովող ֆինանսական գործիքներից, որոշ չափով (մինչև 25%) ներդրվում են համեմատաբար ռիսկային ֆինանսական գործիքներում` բաժնետոմսերում: Այս ֆոնդերը նախընտրելի են այն մասնակիցների համար, ովքեր հիմնականում հակված են բարձր եկամուտ ստանալու և պատրաստ են դիմելու նաև որոշակի ռիսկի:

Հավասարակշռված ֆոնդը համեմատաբար բարձր ռիսկային է և կարող է ապահովել ավելի բարձր եկամուտ:  Ֆոնդի միջոցները,  բացի կայուն եկամուտ ապահովող ֆինանսական գործիքներից, կարող են մինչև 50%-ի չափով ներդրվել ռիսկային ֆինանսական գործիքներում: Այս ֆոնդերը նախընտրելի են այն մասնակիցների համար, ովքեր հակված են դիմելու ռիսկի` ավելի բարձր եկամուտ ստանալու համար

Հարց 45. Կարո՞ղ է արդյոք անձը մասնակիցների ռեեստրը վարողի մոտ ունենալ միաժամանակ տարբեր հաշիվներ:

    Ոչ, չի կարող: Մասնակիցների ռեեստրը վարողի մոտ յուրա­քանչյուր անձի համար վարվում է մեկ կենսաթոշակային հաշիվ, որտեղ ար­տացոլվում է տեղեկատվություն` անձի ունեցած փայերի և դրանց արժեքի, նրա ընտրած ֆոնդի կառավարչի և ֆոնդի վերաբերյալ

Հարց 46. Ի՞նչ է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայը:

Մասնակիցը, յուրաքանչյուր անգամ կատարելով նպատակային սոցիալական վճար իր նախընտրած պարտադիր կենսաթոշակային ֆոնդին, ձեռք է բերում տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր` կատա­րած վճարների գումարի չափով: Այդ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը մուտքագրվում են մասնակցի անհատական կենսաթոշակային հաշվին:

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայը մասնակցի անձնական սեփա­կա­նությունն է: Սակայն նրանց սեփականության իրավունքը ենթակա է օրենքով սահմանված ժամկետային որոշակի սահմանափակումների:

Հարց 47. Ի՞նչ է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառուն և ի՞նչ գործառույթներ է իրականացնում:

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառուն ֆոնդի կառա­վարչից անկախ (չփոխկապակցված) իրավաբանական անձ է, որն իրակա­նացնում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահա­ռու­թյունը, այսինքն` ակտիվ­ների պահպանությունը և առանձնացված հաշ­վա­ռումը: Ընդ որում, ֆոնդի ակտիվներով գործարքները (միջոցների ելքն ու մուտքը) կարող են իրակա­նացվել միայն պահառուի համաձայնությամբ:  Այս  առումով, պահառուն ունի կառավարչի նկատմամբ հսկողական իրավա­սու­թյուններ: Այսինքն` պա­հառուն հսկում է կառավարչի կողմից օրենսդրու­թյամբ և ֆոնդի կանոն­ներով սահմանված պահանջների կատարումը և չի կատարում կառավարչի հանձնարարականները, եթե դրանց հետևանքով խախտվում են օրենս­դրության կամ ֆոնդի կանոնների պահանջները:

Հարկ է նշել, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառու կարող են լինել միայն բանկերը: Սակայն անցումային շրջանում, այսինքն` մինչև բան­կերի կողմից պահառուի գործառույթի իրականացման համար անհրաժեշտ կարողությունների ձևավորումը, օրենքը նախատեսում է, որ բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի համար պահառուի գործա­ռույթն իրականացնելու է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ)` որպես կենտրոնացված պահառու:

Հարց 48. Կարո՞ղ է արդյոք պարտադիր կենսաթոշակային ֆոնդը սնանկանալ:

Ոչ: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդը չի կարող սնանկանալ, քանի որ այն չի համարվում իրավաբանական անձ: Պարտադիր կենսաթո­շակային ֆոնդի կառա­վարչի սնանկացումը չի նշանակում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի սնանկացում: Կառավարչի սնանկության դեպքում կենսաթոշակային ակտիվները չեն վտանգվում, քանի որ դրանք հանդի­սա­նում են մասնակիցների սեփակա­նու­թյունը և կառավարչի գույքի մաս չեն կազմում: Կառավարչի սնանկության դեպքում դրանք շարունակում են առանձ­նացված հաշվառվել ֆոնդի պա­հառուի կողմից, որն էլ`օրենքով սահմանված ժամկետում, ֆոնդը փոխանցում է այլ կառավարչի:

Հարց 49. Մասնակիցը կարո՞ղ է ընտրել կոնկրետ ներդրման եղանակը կամ որոշել իր միջոցների ներդրման քաղաքականությունը:

Մասնակիցը չի կարող ուղղակիորեն որոշել իր միջոցների ներդրման քաղաքականությունը: Սակայն, քանի որ յուրաքանչյուր պարտա­դիր կենսաթոշակային ֆոնդ կառավարվում է ֆոնդի կառավարչի կողմից նա­խա­պես հաստատված և հրապարակված ներդրումային քաղա­քա­կա­նու­թյամբ, ապա յուրաքանչյուր մասնակից կարող է ընտրել իր համար նախընտրելի ներդրումային քաղաքականությունը` այս կամ այն կառավարչի այս կամ այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդն ընտրելու միջոցով: Պար­տադիր կենսաթոշակային ֆոնդերի թույլատրելի ներդրումները և ներ­դրում­ների սահմանափակումները սահմանվում են  «Կուտակային կենսաթոշակ­ների մասին» ՀՀ օրենքով և ՀՀկառավարության 27.12.2012 թիվ 1685-Ն որոշմամբ:

1