Հարց 21. Ի՞նչ է նպատակային սոցիալական վճարը:

   Նպատակային սոցիալական վճարը օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող նպատակային վճար է:

Հարց 22. Որքա՞ն է կազմում նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը:

  Նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը կազմում է աշխատավարձի 5 %-ը: Սկսած 2020 թվականի հուլիսի 1-ից, եթե աշխատավարձի չափը գերազանցում է 500 000 դրամը, ապա սոցիալական վճարի չափը կազմում է՝ աշխատավարձի 10 տոկոսի և 25 000 դրամիտարբերությանչափով:
  Օրենքով սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմ՝ մինչև 2020 թվականը՝ 500 000 դրամ, սկսած 2020 թվականից՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկը (մինչև 2020 թվականը` սոցիալական վճարի ամսական գումարը չի կարող գերազանցել 25000 դրամը):
  Եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից, ապա սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը գերազանցող գումարներից գործատուի (հարկային գործակալի) կողմից հաշվարկված և փոխանցված (գանձված) գումարները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վերադարձվում են անձին:

Հարց 23. Ի՞նչ է կուտակային հատկացումը:

  Կուտակային հատկացումը օրենքով սահմանված կանոնների համաձայն` պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու նպատակով սոցիալական վճար կատարող անձի համար (օգտին) կատարվող դրամական հատկացում է:

Հարց 24. Ինչպե՞ս է ձևավորվում կուտակային հատկացումը:

     Մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված անձի համար (օգտին) և մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնած՝ 1964 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձի համար (օգտին) կատարվող կուտակային հատկացումը ձևավորվում է սոցիալական վճարներից և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցներից: Այս դեպքերում կուտակային հատկացման չափը (դրույքաչափը) կազմում է աշխատավարձի 10 %-ը (5 տոկոսը՝ անձի կատարած սոցիալական վճարի դիմաց, իսկ մնացածը (5 տոկոսը՝ բայց ոչ ավելի, քան 25000 դրամ) որպես ՀՀ պետական բյուջեից հատկացված լրացուցիչ միջոցներ): 
    Մնացած դեպքերում (եթե անձը ծնվել է 1974 թվականի հունվարի 1-ից հետո) կուտակային հատկացման չափը (դրույքաչափը) կազմում է աշխատավարձի 5 %-ը: 

Հարց 25. Ինչի՞ հիման վրա է սահմանվել նպատակային սոցիալական վճարի 10% դրույքաչափը:

  Նպատակային սոցիալական վճարի դրուքաչափը ևս սահմանվել է կենսաթոշակային բարեփոխումների թիրախային նպատակների հաշվառմամբ:
 Մասնավորապես, որպես կենսաթոշակային բարեփոխումների թիրախային ցուցանիշ, սահմանվել է շուրջ 45-50 տոկոս փոխհատուցման գործակիցը (այսինքն կենսաթոշակի չափը պետք է կազմի աշխատավարձի շուրջ 45-50 տոկոսը):
  Կուտակային բաղադրիչի շրջանակներում ձևավորվող կենսաթոշակի չափը կախված է կուտակած միջոցների չափից, ինչն էլ իր հերթին, բացի կուտակելու ժամանակահատվածից, պայմանավորված է նաև հետևյալ գործոններով.
     1) կուտակվող միջոցների չափ,
 2)կառավարման ներքո գտնվող կենսաթոշակային ակտիվների (պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի) եկամտաբերություն:
  Հարկ է նկատի ունենալ, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունն էլ իր հերթին, կախված է պարտադիր կենսաթոշակաին ֆոնդերի ծավալից և դրանց կառավարման քաղաքականությունից:
  Ավելի փոքր չափով նպատակային սոցիալական վճարների դեպքում էապես նվազում է համակարգի արդյունավետությունը, քանի որ կառավարվող փոքր ծավալների ակտիվների կառավարման ծախսերը էապես բարձրանում են: Միևնույն ժամանակ, փոքր կուտակումներն ուղղակիորեն հանգեցնում են փոքր կենսաթոշակների, ինչը չի լուծում բարեփոխման հիմքում դրված խնդիրը: 

Հարց 26. Ի՞նչ կարգով են կատարվելու նպատակային սոցիալական վճարները նվազագույն աշխատավարձից:

  Նվազագույն աշխատավարձ ստացող մասնակիցների համար նպատակային սոցիալական վճար կատարում է գործատուն: 
   Եկամտային հարկը և նպատակային սոցիալական վճարը կատարելուց հետո անձի տնօրինվող եկամուտը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի չափից: 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ այն կազմում է 50.000 դրամ:  

Հարց 27. Ի՞նչ տրամաբանությամբ է սահմանված պետության կողմից 5%-ի համաֆինանսավորումը, չէ՞ որ պետական բյուջեն նույնպես ձևավորվում է քաղաքացիների հարկերից:

   Պետությունն իր առջև դրված նպատակներին հասնելու համար իրականացնում է որոշակի հարկաբյուջետային քաղաքականություն` հարկերի հավաքագրման և պետական ծախսերի պլանավորման միջոցով։ Պետության կողմից նպատակային սոցիալական վճարների 5% համաֆինանսավորումը կազմում է բարեփոխման հայաստանյան մոդելի մի մասը և, բնականաբար, ևս ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից։ 

Հարց 28. Անհատ ձեռնարկատերն ի՞նչ դրույքաչափով է կատարում նպատակային սոցիալական վճարները:

   Անհատ ձեռնարկատեր հանդիսացող և ընդհանուր հարկման դաշտում գտնվող մասնակիցը, որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6,000,000 դրամը, պարտավոր է տարեկան կատարել նպատակային սոցիալական վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից։ 
     Եթե մասնակցի` տարեկան կտրվածով բազային եկամուտը գերազանցում է 6,000,000 դրամը, ապա այդ մասնակցի օգտին պետական բյուջեից տարեկան վճարի չափը կազմում է 3,000,000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը վճարվում է մասնակցի կողմից։ 
 2․Անհատ ձեռնարկատերը պարտավոր է ամսական կատարել նպատակային սոցիալական վճար 5000 դրամի չափով, եթե հանդիսանում է․ 
   «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող, կամ 
    «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված գործունեություն իրականացնող, կամ 
   «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեություն իրականացնող։ 
    Սահմանված գումարը համարվում է «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված նպատակային սոցիալական վճարի գծով վերջնական պարտավորություն, իսկ ամսական 5000 դրամի չափով մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից: 
     Գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում նրանք չեն կատարում նպատակային սոցիալական վճարներ։ Այս դեպքում այս մասնակիցների համար պետական բյուջեից նույնպես հատկացումներ չեն կատարվի։ 

Հարց 29. Ե՞րբ են կուտակային բաղադրիչի մասնակիցները սկսել նպատակային սոցիալական վճարներ կատարել:

  Կուտակային բաղադրիչն ուժի մեջ է մտել 2014թ. հուլիսի 1-ից: Առաջին նպատակային սոցիալական վճարը վարձու աշխատողները պարտավոր են կատարել մինչև 2014թ. օգոստոսի 20-ը` 2014թ. հուլսի ամսում վաստակած աշխատավարձից, այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացած եկամուտներից: 
 Կուտակային բաղադրիչի մասնակից հանդիսացող նոտարները, անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղվածները նպատակային սոցիալական վճարները կկատարեն տարեկան կտրվածքով` մինչև հաշվետու տարվան հաջորդ տարվա ապրիլի 30-ը (առաջին անգամ` մինչև 2015 թվականի ապրիլի 30-ը): Հաշվետու տարվա ընթացքում նրանք կարող են կատարել նաև նպատակային սոցիալական վճարի կանխավճարներ:  

Հարց 30. Ի՞նչ է տեղի ունենալու 2014թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը կատարված պարտադիր կուտակային վճարների հետ:

   2014թ.հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը կատարված պարտադիր կուտակային վճարները մասնակիցների ներկայացրած համապատասխան դիմումների համաձայն, վերադարձվում են նրանց`  2015թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Նշված դիմումը մասնակիցը ռեեստրը վարողին` Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիային, կարող է ներկայացնել 2014թ. սեպտեմբերի 1-ից սկսած: 

Հարց 31. Ո՞վ է հաշվարկում և փոխանցում աշխատողի նպատակային սոցիալական վճարը:

      Ո՞վ է հաշվարկում և փոխանցում աշխատողի նպատակային սոցիալական վճարը: 
    Վարձու աշխատողի նպատակային սոցիալական վճարը հաշվարկում և փոխանցում է գործատուն, որպես հարկային գործակալ, յուրաքանչյուր ամիս հարկային մարմին ներկայացնելով անձնավորված հաշվետվություն` աշխատողին վճարված եկամուտների և կատարված նպատակային սոցիալական վճարի վերաբերյալ: 
   Անհատ ձեռնարկատերը, նոտարը, ինքնազբաղված անձը և աշխատողը, որի գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից, ինքնուրույն են հաշվարկելու և ՀՀ պետական գանձապետարան փոխանցելու նպատակային սոցիալական վճարները:  

Հարց 32. Ո՞րն է գործատուի դերը բազմաստիճան կենսաթոշակային համակարգում, մասնավորապես` կուտակային բաղադրիչում։

    Գործատուն իրականացնում է բացառապես հարկային գործակալի գործառույթներ․ 
  Օրենքով սահմանված ժամկետներում և կարգով էլեկտրոնային եղանակով հարկային մարմնում գրանցում է իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողներին և պայմանագրային եկամուտ ստացողներին, 
  «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով, եկամտային հարկը հաշվարկելու և վճարելու համար սահմանված ժամկետներում և «Կուտակային կենսաթոշակների մասին»» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափով, հաշվարկում և փոխանցում է պարտադիր բաղադրիչի մասնակից հանդիսացող վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների նպատակային սոցիալական վճարները, 
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում անձնավորված հաշվարկ, 
  Նախորդ հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված նպատակային սոցիալական վճարի հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում (բացառապես էլեկտրոնային եղանակով) հարկային մարմին է ներկայացնում ճշտված հաշվարկներ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակահատվածների համար նպատակային սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ: 
   Հիշենք․ եթե գործատուն չի հանդիսանում հարկային գործակալ, ապա նպատակային սոցիալական վճարների հաշվարկի և փոխանցման պարտավորությունը կրում է մասնակիցը։ 

Հարց 33. Մասնակիցը նպատակային սոցիալական վճարումներին ֆիզիկական մասնակցություն ունենում է, թե՞ ոչ:

    «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, վարձու աշխատողի կամ պայմանագրային եկամուտ ստացող մասնակցի համար նպատակային սոցիալական վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը (Հոդված 8, կետ 1) կրում է գործատուն, որպես հարկային գործակալ։ 
    Գործատուն, օրենքով սահմանված ժամկետներում և կարգով էլեկտրոնային եղանակով հարկային մարմնում գրանցում է իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողներին և պայմանագրային եկամուտ ստացողներին։ Գործատուն (որպես հարկային գործակալ, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով եկամտային հարկը հաշվարկելու և վճարելու համար սահմանված ժամկետներում) «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում սահմանված դրույքաչփով հաշվարկում և փոխանցում է մասնակից հանդիսացող վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների նպատակային սոցիալական վճարները: 
  Այլ կերպ ասած, վարձու աշխատողի կամ պայմանագրային եկամուտ ստացողի կարգավիճակ ունեցող մասնակիցը ֆիզիկապես չի առնչվում նպատակային սոցիալական վճարների կատարման հետ։ 
    Մասնակիցն ինքն անձամբ է կատարում նպատակային սոցիալական վճարները հետևյալ դեպքերում․ 
      ա) եթե հանդիսանում է նոտար, անհատ ձեռնարկատեր կամ ինքնազբաղված անձ, 
  բ) եթե վարձու աշխատող կամ պայմանագրային եկամուտ ստացող մասնակցի գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից։ 
    Ընդ որում, մասնակիցը, որպես նոտար, անհատ ձեռնարկատեր կամ ինքնազբաղված անձ` նպատակային սոցիալական վճարը կատարում է տարեկան կտրվածքով, մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը: 
    Իսկ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատող մասնակիցը նպատակային սոցիալական վճարը կատարում է ամսական կտրվածքով` գործատուի համար սահմանված ժամկետներում (մինչև հաջորդ ամսվա 20-ը):

Հարց 34. Անձը կարո՞ղ է, արդյոք, վերահսկել` իր գործատուն կատարել է նպատակային սոցիալական վճար, թե՞ ոչ:

   Անձը կարող է դիմել գործատուին, պահանջելով` համապատասխան տեղեկատվություն իր անունից կատարված նպատակային սոցիալական վճարների փոխանցումների մասին: Գործատուից հավաստի տեղեկություններ չստանալու կամ կասկածներ ունենալու դեպքում, անձը կարող է դիմել հարկային մարմին: Հարկային մարմինը վարում է անձանց եկամուտների, վճարված եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառում: Յուրաքանչյուր վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի և ինքնազբաղվածի համար հարկային մարմնում բացվում է անհատական հաշիվ, որտեղ գրանցվում են, թե որքա՞ն է կազմել տվյալ անձի եկամուտը` հաշվետու ժամանակահատվածում (վարձու աշխատողի համար` յուրաքանչյուր ամիս, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի և ինքնազբաղվածի համար` յուրաքանչյուր տարի), ինչքա՞ն են կազմել եկամտային հարկի և նպատակային սոցիալական վճարի գումարները և որքա՞ն նպատակային սոցիալական վճար է կատարվել: Տվյալները հասանելի են անհատական հաշվի իրավատիրոջ համար: 
   Մասնակիցն իր կուտակած կենսաթոշակային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է ստանալ նաև հաշվի օպերատորների գրասենյակներից կամ «Իմ հաշիվը» ինտերնետային էջից: 

Հարց 35. Ի՞նչ է անձնավորված հաշվառումը:

  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (հարկային մարմինը) աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով վարում է ձևակերպված աշխատողների և նրանց գործատուների, ինչպես նաև ինքնազբաղվածների, անհատ ձեռնարկատերերի ու նոտարների կողմից կատարված նպատակային սոցիալական վճարի և եկամտային հարկի անձնավորված հաշվառում: Յուրաքանչյուր աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի և ինքնազբաղվածի համար ՊԵԿ-ում բացվել է անհատական հաշիվ, որը հիմնված է անձի հանրային ծառայությունների համարանիշի վրա: Անձի անհատական հաշվում գրանցվում է, թե որքա՞ն է կազմել տվյալ անձի բազային եկամուտը (աշխատավարձը և քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացվող այլ եկամուտները) հաշվետու ժամանակահատվածում (վարձու աշխատողի համար յուրաքանչյուր ամիս, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի և ինքնազբաղվածի համար յուրաքանչյուր տարի), ինչքա՞ն են կազմել եկամտային հարկի և նպատակային սոցիալական վճարի գումարները և որքա՞ն կուտակային վճար է կատարվել:
1 2 >