Հարց 1. Ինչպիսի՞ն էր Հայաստանում կենսաթոշակային համակարգը մինչև բարեփոխումները:

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ապահովու­թյան համակարգը բնութագրվում էր որպես սերունդների համերաշխության սկզբունքով ֆինանսավորվող բաշխողական կենսաթոշակային համակարգ:

Սա նշանակում է, որ կենսաթոշակները ֆինանսավորվում են միայն ՀՀ պետական բյուջեի ընթացիկ եկամուտներից` հարկերի կամ սո­ցիա­լական վճարների հաշվին: Այսինքն, աշխատող սերունդը ֆինան­սավորում է տարեց սերնդի կենսաթոշակները:

Համակարգն, ըստ էության, իրականացնում է բաշխման գործա­ռույթ. վարձու աշխատողների, գործատուների և անհատ ձեռնարկատերերի կատարած վճարումներն ուղղվում են պետական բյուջե և, օրենքով սահմանված կարգով, տրամադրվում են կենսաթոշակառուներին:

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի շրջանակներում վճարվում են աշխատանքային և սոցիալական կենսաթո­շակ­ները (հաշվի առնելով կենսաթոշակի էությունը` սկսած 2014 թվականի հունվարի 1-ից, սոցիալական կենսաթոշակները վերափոխվեցին նպաստի):

Կենսաթոշակի չափը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի, աշխատանքային ստաժի տևողության և աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի հիման վրա` հաշվի առնելով կենսաթոշակառուի անձ­նա­կան գոր­ծակիցը (կենսաթոշակառուի անձնական գործակիցը ևս հաշ­վարկ­վում է աշխատանքային ստաժի տևողության հիման վրա):

Ցանկացած երկրի կենսաթոշակային համակարգ պետք է լուծի մեկ խնդիր. կենսաթոշակառուներին տրամադրել պատշաճ չափի կենսաթո­շակներ` բավարար կենսամակարդակ ապահովելով կենսաթոշակառուների համար:

Ընդհանրացնելով գործող կենսաթոշակային համակարգի շրջա­նակ­ներում առկա խնդիրները (տես Հարց 3)` փաստենք, որ մեր երկրում վերջին 20 տա­րիների ընթացքում արձանագրված սոցիալ-տնտեսական իրողությունների արդյունքում ձևավորված իրավիճակը, այս առումով, հեռու է բավարար լինելուց. չնայած կենսաթոշակների ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեի ամենամեծ ծախսային ծրագիրն է, իսկ ՀՀ կառա­վարությունը շարունա­կա­բար ավելացնում է կենսաթոշակներին ուղղվող միջոցները` կենսաթոշակ­ների չափերը շարունակում են մնալ ցածր և չեն կատարում իրենց հիմ­նական գործառույթը:

Միաժամանակ բոլոր տեսակի կանխատեսումներն ու վերլուծու­թյուն­ները ցույց են տալիս, որ նույնիսկ տնտեսական զարգացման ամենա­լա­վատեսական սցենարների դեպքում, գործող համակարգի շրջանակ­նե­րում հնարավոր չի լինելու մեր բնակչությանն ապահովել պատշաճ կեն­սաթոշակով:

Հարց 2. Ինչպիսի՞ն է Հայաստանի կենսաթոշակային համակարգը բարեփոխումներից հետո:

Իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ներդնել բազմաստիճան կենսաթոշա­կա­յին համակարգ: Այսինքն, ի լրումն սերունդների համերաշ­խու­թյան սկզբուն­քով ֆինանսավորվող բաշխողական կենսաթոշակային հա­մա­կարգի, ներդրվել է նաև երկու նոր` կուտակային և կամավոր կենսաթոշակային բաղադրիչ­ներով համակարգ:

Բարեփոխումների արդյունքում հայաստանյան կենսաթոշակային համակարգը բաղկացած է 4 բաղադրիչներից:

0 աստիճան. այս աստիճանից սոցիալական կենսաթոշակ (նպաստ­ներ) կտրամադրվի այն անձանց, ովքեր չունեն օրենքով սահման­ված նվազագույն ստաժ և բոլորել են 65 տարեկանը, կամ ճանաչվել են հաշ­մանդամ, կամ կորցրել են կերակրողին: Այս բաղադրիչի հիմնական նպա­տակը աղքատության հաղթահարումն է: Սոցիալական կենսաթոշակները (նպաստները) ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեից: Օրենքով սահմանված նվազագույն ստաժ չունենալու դեպքում սոցիալական կենսա­թոշակի (նպաստի) իրավունք կունենան նաև այն անձինք, ովքեր հանդիսանում են կուտակային բաղադրիչի մասնակից:

1 աստիճան. այս աստիճանից աշխատանքային կենսաթո­շակ կտրամադրվի այն անձանց, ովքեր ունեն պահանջվող նվազագույն ստաժ և բոլորել են 63 տարեկանը, կամ ճանաչվել են հաշմանդամ, կամ կորց­րել են կերակրողին: Աշխատանքային կենսաթոշակները ևս ֆինան­սա­վորվելու են ՀՀ պետական բյուջեից: Օրենքով սահմանված նվազագույն ստաժ ունե­նալու դեպքում աշխատանքային կենսաթոշակ կվճարվի նաև կուտակային բաղադրիչի մասնակիցներին:

0 և 1 աստիճանները ձևավորելու են Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կենսաթոշակային ապահովության համակարգի պետական կենսա­թոշա­կային բաղադրիչը:

2 աստիճան կամ կուտակային բաղադրիչ. այս բաղադրիչից կենսաթոշակ կվճարվի կուտակային բաղադրիչի մասնակիցներին (այն անձանց, ովքեր պարտա­դի­րության կամ կամա­վորության սկզբունքով կատարել են նպատակային սոցիալական վճարներ): Կուտակային կենսաթոշակները ֆինանսա­վորվելու են նպատակային սոցիալական վճարների ու դրանց ներդրումից ստացված եկամուտների հաշվին:

3 աստիճան կամ կամավոր կենսաթոշակային բաղադրիչ. այս բա­ղադ­­րիչից կվճարվի կամավոր կուտակային կենսաթոշակ: Կամավոր կու­տա­կային կենսաթոշակները ֆինանսավորվելու են կամավորության սկզբուն­­քով կատարվող վճարների ու դրանց ներդրումից ստացված եկա­մուտների հաշվին:

Այսինքն, կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում, ի լրումն գործող համակարգի, ներդրվում են նաև կենսաթոշակների ֆինան­սա­վորման այլ աղբյուրներ, որոնք ձևավորվում են անձի կատարած վճա­րում­ներից: Մեկ անգամ ևս փաստենք, որ կուտակային բաղադրիչը ներդրվում է ի լրումն գործող կենսաթոշակային համակարգի, այլ ոչ երբեք` դրա փոխարեն: Պետությունը 0 և 1 աստիճանների միջոցով պահ­պա­նում է սոցիալական պատասխանատվությունն իր քաղաքացիների հան­դեպ:

Հարց 3. Ինչու՞ էր անհրաժեշտ բարեփոխել կենսաթոշակային համակարգը:

Հայաստանի Հանրապետության գործող կենսաթոշակային ապա­հո­վության համակարգը բարեփոխելու անհրաժեշտությունը (համակարգի ընդհանուր նկարագիրը տե΄ս հարց N 1) պայմանավորված է մի շարք խնդիրներով, որոնց շարքում հարկ է առանձնացնել մի քանիսը:

Նախ, գործող համակարգի շրջանակներում բացակայում է կապն անձի եկամուտների և ապագա կենսաթոշակի չափի միջև: Արդյունքում, այսօր ունենք մի իրավիճակ, երբ բարձր որակավորում ունեցող անձը, ով ամբողջ կյանքում ստացել է բարձր աշխատավարձ, ստանում է այնքան կենսաթոշակ, որքան ամբողջ կյանքում նվազագույն աշխատավարձ ստա­ցած անձը, ինչն արդարացի չէ:

Խնդրո առարկա է նաև համակարգի ֆինանսական կայունու­թյունը: Աշխարհում սերունդների համերաշխության սկզբունքով ֆինան­սա­վորվող կենսաթոշակային համակարգերը համարվում են կայուն, երբ երեք աշ­խա­տողին բաժին է ընկնում մեկ կենսաթոշակառու, այսինքն` երեք աշխատողի կա­տարած վճարումներից գոյացած միջոցներից վճարվում է մեկ կենսա­թո­շա­կառուի կենսաթոշակը: Հայաստանի Հանրապետությունում մեկ կենսա­թո­շա­կառուի կենսաթոշակը վճարվում է մեկ աշխատողի կա­տարած վճարում­ներից գոյացած միջոցներից: Ակնհայտ է, որ այս պա­րա­գայում իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ են արմատական փոփոխություններ:

Մյուս կարևորագույն խնդիրը, որը պարտադրում է իրականացնել կենսաթոշակային բարեփոխումներ, ժողովրդագրական վիճակի զար­գացման միտումներն են:

Մասնավորապես, այսօր ունենք մի իրավիճակ, երբ բնակչության ընդհանուր թվաքանակի մեջ գնալով աճում է կենսաթոշակ ստացողների տեսակարար կշիռը և նվազում է աշխատանքային տարիքի անձանց տեսա­կարար կշիռը, կամ այլ կերպ ասած` արձանագրվում է «բնակչության ծերա­ցում»:

Իսկ բաշխողական (պետական) կենսաթոշակային համակարգերը խիստ զգայուն են բնակչության ծերացման նկատմամբ:

Այսօր խնդիրը շատ ավելի սրված է, քանի որ առաջիկա տարի­նե­րին կենսաթոշակային տարիքի է հասնում 50-ականներին ծնված բազմա­քա­նակ սերունդը, երբ ծնելիության ցու­ցա­նիշը եղել է բավականին բարձր (ակնկալվում է կենսաթոշակառուների թվա­քանակի աճ): Փոխարենը, աշխա­տա­շուկա է մուտք գործում շատ ցածր ծնելիության ցուցանիշ գրանցած 90-ական­նե­րին ծնված սերունդը: Այսինքն, առաջիկա տարիներին փոքրաքա­նակ սերունդը ստիպված է լինե­լու ֆինանսավորել բազմաքանակ սերնդի կեն­սաթոշակները:

Հարց 4. Ո՞րն է կենսաթոշակային բարեփոխումների նպատակը և ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել:

Ցանկացած երկրի կենսաթոշակային հա­մա­կարգ պետք է լուծի մեկ խնդիր` կենսաթոշակառուների համար ապա­հովել բավարար կենսամա­կար­դակ:

Այս առումով, կենսաթոշակայինբարեփոխումներիհիմնականնպա­տակնէկենսաթոշակառուներին ապահովել պատշաճ կենսաթոշակով:

Հարկ է նկատի ունենալ, որ միջազգային պրակտիկայում կենսա­թո­շակային համակարգերի արդյունավետության հիմնական ցուցանիշն անձի աշխատավարձի և կենսաթոշակի չափի հարաբերակցությունն է (այս ցուցանիշն ընդունված է անվանել փոխհատուցման գործակից): Ըստ այդմ, համակարգը համարվում է արդյունավետ, երբ կենսաթոշակը կազմում է անձի աշխատավարձի նվազագույնը 40-45 տոկոսը (միաժամանակ համակարգը պետք է նաև ֆինանսապես լինի կայուն):

Հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետությունում այդ ցուցանիշը կազմում է միջինը 25 տոկոս. միջին աշխատանքային կենսաթոշակը (շուրջ 36000 դրամ) կազմում է միջին աշխատավարձի (շուրջ 150 000 դրամ) շուրջ 25 տոկոսը: Ընդ որում, հաշվի առնելով կենսաթոշակի հաշվարկման կարգը, այս ցուցանիշը հակադարձ համեմատական է անձի եկամուտների չափին (որքան բարձր են եկամուտները, այնքան ցածր է փոխհատուցման գործակիցը):

Վերը նշված խնդիրները հաշվի առնելով` կենսաթոշակային բարե­փոխումների (կուտակային բաղադրիչի ներդրման) թիրախային նպատակներն են.

1)               ուղղակի կապ ապահովել անձի եկամուտների և ապագա կենսաթոշակի չափի միջև,

2)               փոխհատուցման գործակիցը հասցնել առնվազն 45-50 տոկոսի (օրինակ, ներառյալ պետական բյուջեից վճարվող կենսաթոշակները, 200000 դրամ աշխատավարձ ստացողի կեն­սա­թոշակի չափը պետք է կազմի շուրջ 90000 դրամ, իսկ 300000 դրամ աշ­խա­տավարձ ստացողի կենսաթոշակի չափը` շուրջ 135000 դրամ),

3)               նվազեցնել ժողովրդագրական վիճակի զարգացման միտում­նե­րի ազդեցությունը կենսաթոշակային համակարգի վրա և ապահովել կեն­սա­թոշակային համակարգի ֆինանսական կայունությունը երկարաժամկետ ապագայում:

Միաժամանակ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, կեն­սաթոշակային բարեփոխումների իրականացումը (կուտակային բաղադրիչի ներդրումը) հանդիսանում է տնտեսական աճի լուրջ խթան:

Մասնավորապես, ազգային խնայողությունների ձևավորման ար­դյուն­քում երկրները թոթափում են կախվածությունը օտարերկրյա ներ­դրում­ներից, իսկ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի միջոցով կատարվող ներ­դրումները նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Թռիչքաձև զարգացում է ապրում նաև ֆինանսական շուկան, ստեղծվում են բարձր վարձատրվող աշխատատեղեր:

Հարց 5. Ի՞նչ մոտեցումներ գոյություն ունեն կենսաթոշակային բարեփոխումների իրականացման համար:

Միջազգային պրակտիկայում գոյություն ունի կենսաթոշակային բա­րեփոխումների երկու մոտեցում.

պարամետրիկ բարեփոխումներ. երբ կենսաթոշակային համա­կար­գում իրականացվում են իրավիճակային փոփոխություններ` վերա­նայվում են կենսաթոշակի իրավունք տվող պայմանները (տարիք, ստաժ և այլն), կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը և այլն,

համակարգային բարեփոխումներ. երբ վերանայվում են կեն­սա­­թոշակային համակարգի սկզբունքները (ֆինանսավորման մեխանիզմ­ները):

Հարկ է նկատի ունենալ, որ աշխարհի շատ երկրներում շարու­նա­կաբար իրականացվում են կենսաթոշակային բարեփոխումներ:

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկրները ևս բախվում են բնակչության ծերացման հիմնախնդիրներին:

 Ընդ որում, խնդիրը լուծելու համար երկրները գնում են տարբեր ճա­նապարհներով. իրականացնում են կենսաթոշակային համակարգի պա­րամետրիկ բարեփոխումներ (հարկային բեռի ավելացում, կենսա­թո­շա­կային տարիքի բարձրացում, կենսաթոշակային իրավունքների կրճատում) կամ իրականացնում են կենսաթոշակային համակարգի արմատական բա­րե­փոխումներ` վերանայելով կենսաթոշակային ապահովության համա­կար­գի ֆինանսավորման մեխանիզմները և ներդնելով ինքնաֆինանսավորվող (կուտակային) բաղադրիչ:

Ընդ որում, ամենատարբեր փորձագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ պարամետրիկ բարեփոխումները, որպես առկա մար­տա­հրավերներին դիմակայելու միջոցներ, կրում են իրավիճակային բնույթ և չեն ապահովում խնդրի երկարաժամկետ, կայուն լուծում:


Հարց 6. Որքա՞ն ժամանակ է մշակվել կենսաթոշակային հայկական մոդելը մինչև օրենքի ուժ ստանալը:

Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանի Հանրապե­տու­թյան օրակարգային խնդիրներից են եղել Հայաստանի Հանրապետության անկախության ձեռք բերման առաջին իսկ տարիներից: Դրա վառ ապա­ցույցն է այն, որ անկախության տարիներին, մինչև կենսաթոշակային ըն­թացիկ բարեփոխումների մեկնարկը, Հայաստանի Հանրապետությունում կենսաթո­շա­կային օրենսդրությունը փոխվել է 3 անգամ` 1992 թվականին, 1996 թվա­կանին և 2003 թվականին (խոսքը գնում է ոչ թե գործող օրենք­ներում կա­տարված փոփոխությունների մասին, այլ սկզբունքորեն նոր օրենքների ընդունման մասին):

Վերը նշված բոլոր փոփոխությունները կրել են պարամետրիկ (իրա­վիճակային) բնույթ և միտված են եղել կենսաթոշակային համակարգը ձևավորված նոր սոցիալ-տնտեսական իրողություններին համապատասխա­նեցնելուն:

Իսկ 2004 թվականից սկսած` կենսաթոշակային քննարկումների հիմ­նական առանցքը եղել է Հայաստանում կուտակային  բաղադրիչի ներդրումը:

Կուտակային  բաղադրիչի առավելությունները և ռիս­կերը հասկանալու համար իրականացվել է մեծածավալ վերլուծական և հե­տա­զոտական աշխատանք, մասնավորապես, ՀՀ աշխատանքի և սոցիալա­կան հարցերի նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ կենտ­րոնական բանկի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաս­նա­գետները­ և պատասխանատու աշխատակիցները օտար­երկրյա գործընկեր կազմակերպությունների աջակցությամբուսում­նասիրել են Ռուսաստանի, Շվեդիայի, Էստոնիայի, Մակեդոնիայի, Չիլիի, Պերուի, Ղազախստանի, Լեհաստանի, Խորվաթիայի, Բուլղարիայիևէլիմիշարքերկրներիփորձը:

Քառամյա խորը վերլուծական ևհետազոտական աշխատանքների արդյունքում, 2008թ. նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարության N 1487-Նորոշ­մամբ, հաստատվեց կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը և կեն­սաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող միջոցա­ռում­ների ժամանակացույցը, որի հիման վրա էլ մշակվել են կենսաթոշակային բազմաստիճան համակարգի իրավական հիմք հանդիսացող 5 օրենքների նախագծերը: 2010թ. դեկտեմբերի 22-ին այդ օրենքներն ընդունվել են ՀՀ ԱԺ-ում և մտել ուժի մեջ 2011թ. հունվարի 1-ից

Հարց 7. Ո՞ր երկրների փորձն է օգտագործվել հայաստանյան համակարգի մշակման համար:

Նախքան բարեփոխված կենսաթոշակային համակարգի հայա­ստա­նյան մոդելի վերջնական տարբերակի վերաբերյալ որոշում կայացնելը, քաղաքականությունը մշակողների կողմից ուսումնասիրվել է կենսա­թո­շակային քաղաքականության վերջին տասնամյակների միջ­ազգային փորձը, կատարվելեն համադրումներ, ուսում­նա­սիրվել են ինչպես այն մարտահրա­վեր­ները, որ ծագել են կենսաթոշակային համակարգերի հա­մանման բարե­փո­խումներ իրականացրած երկրներում (Լատինական Ամե­րիկա`Չիլի, Բոլի­վիա, Ուրուգվայ, Մեքսիկա, Պերու, Ար­գեն­տինա, Կոլում­բիա, Կոստա Ռիկա և այլն, ԱրևելյանևԿենտրոնական Եվրոպա`Լե­հաստան, Հունգարիա, Ռու­մի­նիա, Բուլղարիա, Էստոնիա, Խոր­վաթիա, Մա­կեդոնիա, ինչպես նաև Շվե­դիա), այնպես էլ այդ մարտա­հրա­վերներին դի­մակայելու, համակարգի հնա­րա­վոր ռիսկերը կառավարելու և նվազեցնելու փորձը։

 

Հարց 8. Արդյոք, կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում, փոփոխվե՞լ են ներկայիս կենսաթոշակառուների կենսաթոշակի հաշվարկման բանաձևը և վճարման կարգը:

Այո: Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում` 2014 թվականի հունվարի 1-ից սկսած, փոխվել է կենսաթոշակի չափը հաշ­վար­կելու կարգը: Մասնավորապես, ներդրվել է աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի տարբերակված չափ.

Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկա­յու­թյան դեպքում,աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվումէ

Կ=Հ + (Ս X Ա) X Գ բանաձևով,

իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում`

Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ բանաձևով,

որտեղ`

Կ-նկենսաթոշակի ամսական գումարնէ,

Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,

Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները,

Ա-ն` մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,

Ա1-ը` 10 տարին գերազանցողաշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը,

Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:

Վերանայվել է նաև կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու կարգը. Կենսաթոշակառուի անձնական գործակիցը մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար սահմանվում է 0,1 (Գ=0,1 X Սբանաձևով), 11-իցմինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01 (Գ=1+0,01 X (Ս-10) բանաձևով), 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02 (Գ=1.3+0,02 X (Ս-40) բանաձևով):

       Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերա­զանցել 2-ը:

Օրինակներ `

 9 տարվա ստաժի դեպքում` Գ=0.9 (0,1 X 9),

11 տարվա ստաժի դեպքում` Գ=1.1 (1+0,01 X (11-10)),

41 տարվա ստաժի դեպքում` Գ=1.32 (1.3+0,02 X (41-40)):

 

     Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում`

       1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով.

       2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսիչափով:

 

2014թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակը կազմում է 14 000 դրամ, ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքն առաջին 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի համար սահմանվել է 700 դրամ, 11-ից ավելի յուրաքանչյուր աշխատանքային ստաժի համար 450 դրամ:

 

Հարց 9. Ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվել հարկային օրենսդրությունում`կապված կենսաթոշակային բարեփոխումների հետ:

Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման հետ կապ­ված բարեփոխումներ են իրականացվելու նաև հարկային օրենսդրու­թյունում: 2013թ. հունվարի 1-ից եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարի փոխարեն ներդրվել է մեկ միասնական`եկամտային հարկ: Աշխատավարձից և դրան հավասարեցված այլ եկամուտներից հաշվարկվող եկամտային հարկի դրույքաչափը կազմումէ`

մինչև 120000 դրամ ամսական եկամտի դեպքում`հարկվող եկամտի 24.4 տոկոսը,

120 000 - 2 000 000 դրամ ամսական եկամտի դեպքում` 29280 դրամին գումարած 120000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը,

2 000 000 դրամից ավելի ամսական եկամտի դեպքում` 518080 դրամին գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը:

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները եկամտային հարկը հաշվարկում են հետևյալ դրույքաչափերով.

մինչև 1 440 000 դրամ տարեկան եկամտի դեպքում`հարկվող եկամտի 24.4 տոկոսը,

1 440 000 դրամից ավելի տարեկան եկամտի դեպքում` 351.360 դրամին գումարած 1.440.000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը:

Միաժամանակ, կամավոր կենսաթոշակային բաղադրիչի ներդրմամբ պայմանա­վորված` սահմանվել են որոշակի հարկային արտոնություններ:

Մասնավորապես, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի հա­մա­ձայն` կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարված կուտակային վճարները` հարկ վճարողի հարկվող եկամտի 5 տոկոսը չգերազանցող չափով, համարվում է նվազեցվող եկամուտ:

Իսկ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` գործա­տուի կողմից վարձու աշխատողի համար կամավոր կուտակային կենսա­թո­շակային ապահովագրության պայմաններով կատարված վճարումները, տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության և դրան հա­վա­սարեցված այլ վճարումների 5 տոկոսը չգերազանցող մասով դասվում են ծախսերի թվին (նվազեցվում է շահութահարկի բազայից), իսկ հարկվող շահույթը որոշելիս` համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի յուրաքանչյուր վարձու աշխատողի համար հարկատուի կատարած կա­մա­վոր կուտակային վճարումների 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրության և դրան հա­վասարեցված այլ վճարումների 2.5 տոկոսի չափով: 

1